Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը կհետաքրքրվի փակ շուկայի կառուցապատմամբ (Տեսանյութ)

Ապրիլ 13,2012 13:29

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպում ունեցավ ձեռներեցների հետ: Aravot.am-ի հետ զրույցում գործարարները նշեցին, որ իրենց հետաքրքրում են հատկապես ՕԵԿ-ի նոր առաջարկները՝ փոքր ու միջին բիզնեսի հետ կապված: Ըստ ՕԵԿ-ի, փոքր շրջանառություն ունեցող բիզնեսմենները այլեւս չպետք է հարկային մարմիններում բյուրոկրատական քաշքշուկների ենթարկվեն, նրանք պետք է օգտվեն արտոնավճարից: Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ «Արտոնավճարի չափը հաստատվել է, տարեկան մինչեւ 60 հազար դրամ է կազմում: Մարդը տարեկան այդքան մուծում է՝ էլ ոչ ոք իրավունք չունի նրան անհանգստացնել: Ավելի քիչ գործարարներ պիտի կարողանան շփվել պետության հետ: Ինչքան պետությունը շփվում է գործարարի հետ, այնքան մեծանում են կոռուպցիոն ռիսկերը»: Անդրադառնալով մենաշնորհներին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Սնկի պես աճում են խոշոր սուպերմարկետները, դուք վարկ եք վերցրել խանութ եք բացում՝ խոշոր սուպերմարկետը հարվածում է ձեր բիզնեսին: Պատկերացրեք՝ վաղը մեկն էլ վերցնի վարսավիրանոցները խոշորացնի, մազը 100 դրամով էժան ֆենի: Մենք պիտի պաշտպանենք փոքր ու միջին բիզնեսը, ոչ թե փոքրը վերանա, որովհետեւ խոշորը գալիս ու կլանում է նրան»:

Մի կին Արթուր Բաղդասարյանին հարցրեց՝ ի՞նչ պիտի լինի Մաշտոցի փակ շուկայի հարցը, հնարավոր չէ՞ այն շուկա թողնել, ոչ թե սուպերմարկետ դարձնել, որովհետեւ սովորական կանաչին շուկայից այլ գնով ենք առնում, սուպերմարկետից՝ կրկնակի թանկ: Արթուր Բաղդասարյանն ասաց, որ խնդրին տեղյակ չի, կառուցապատողից կհետաքրքրվի ու կպատասխանի:

ՕԵԿ-ն ուշագրավ առաջարկ արեց այն մարդկանց համար, ովքեր ուզում են բիզնես սկսել, խելք ունեն, լավ ծրագրեր ունեն, բայց փող չունեն. «Մեզ համար անընդունելի է, որ եթե մարդը փող չունի՝ չպիտի կարողանա իր ընտանիքը պահել, եթե փող չունես, երեխադ չպիտի կարողանա սովորել: Մենք չպիտի դառնանք հարուստների հասարակություն: Բանկերը գրավ են ուզում, եթե գրավ չունես, փող չունես, այս երկրում չես կարող մի բանի հասնել: Դրա համար պետք է ստեղծվեն պետական երաշխիքային հիմնադրամներ, որը լուծելու է այդ խնդիրը: Մարդը դիմելու է պետությանը, պետությունն ուղարկում է ներկայացուցչին, ուսումնասիրում է բիզնեսը, տեսնում է՝ կարող է մարդը տասը խոզ առնել, զբաղվել անասնապահությամբ, թուղթ է տալու, որ երաշխիք լինի բանկում, մարդը կարողանա բիզնեսը զարգացնել: Մենք պետք է ստեղծենք երկրում միջին խավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30