Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտաբանը կրիմինալ հարցերին չի պատասխանում, բայց հավաստում է, որ պաշտոնյաները բնական մահով են մահանում, ոչ թե դեղից են կաթված ստանում

Ապրիլ 13,2012 13:17

Երբ հայտնի քաղաքական գործիչ կամ պարզապես ճանաչված մարդ է մահանում սրտի կաթվածից, միանգամից լուրեր են տարածվում, թե` «սարքած գործ է, սննդի մեջ դեղ են լցրել»: Այդպիսի դեղամիջոց իսկապես կա, որն, ըստ մասնագետների, դիահերձման արդյունքներն էլ ցույց չեն տալիս: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Aravot.am-ը Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբան Համլետ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք դեղամիջոցով հնարավո՞ր է սրտի կաթված առաջացնել եւ այդքան հե՞շտ է նման դեղորայք ձեռք բերելը:

«Նման հարցերը նախ շատ կրիմինալ են եւ դժվար թե մենք պետք է պատասխանենք,իհարկե նման բան չի կարող պատահել, քանի որ նման դեղամիջոցների ձեռք բերումը շատ դժվար է»,-վստահեցրեց սրտաբանը: Նրա համոզմամբ, նման լուրեր տարածող մարդիկ «տգետ են ու սիրում են բամբասել»:

Ասուլիսին ներկա առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյան էլ անդրադառնալով մեր հարցին ասաց. «Մահացող պաշտոնյաներն անգամ տեղյակ չեն լինում, որ իրենց մոտ առկա է սրտային հիվանդություն, այդ մահացությունները պարզապես դժբախտություններ են եւ ոչ ավելին, բնավ էլ հարկավոր չէ մահից հետո պատճառներ փնտրել»:

Սրտաբանի ներկայացմամբ, հատկապես գարնանը սրտային հիվանդությունները սրվում են, այդ իսկ պատճառով հարկավոր է ճիշտ կենսակերպ վարել. «Պետք է հետեւել սննդակարգին, մեր տղամարդիկ ավելի շատ ուտում են ճարպոտ ուտելիքներ, քան մի կես ժամ զբոսնում են, նաեւ ծխելն է շատ նպաստում սրտանոթային հիվանդությունների զարգացմանը»:

Ըստ մասնագետների,  Հայաստանում ոչ վարակային հիվանդությունների տոկոսը բավականին բարձր է, դրանց հետեւանքով մահացությունների մակարդակը կազմում է 50 %: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ գումար չունեցող հիվանդին հրաժարվում են  վիրահատել, բժիշկ Հայրապետյանն ասաց, որ ֆինանսավորման խնդիրներով պետք է պետությունը զբաղվի. «Բժիշկներին մնա բոլորին էլ անվճար կվիրահատենք: Բայց հո բոլորին չենք կարող օգնել»:

Նշենք, որ մեր երկրում սրտի վիրահատությունը 1 միլիոն դրամից մինչեւ 5-6 միլոն դրամ է:

Սրտաբանի տվյալներով, առաջիկայում, որպես կարեւոր խնդրի լուծում սրտի ստենդավորում պետք է իրականացվի ոչ միայն Երեւանում այլեւ մարզերում. ումրիում եւ Գորիսում արդեն իրականացվում են այս ծրագրի իրագործման աշխատանքները:

Սյուզաննա ԱՍԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30