Ապրիլի 2-ից մինչ այժմ ընդունված՝ Տավուշի մարզպետի բլանկի վրա գրված երկու որոշումների տակ ստորագրել է Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը: Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 65-րդ տեղը զբաղեցնող մարզպետ Արմեն Ղուլարյանն, «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, արձակուրդ է գնացել: Սակայն Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն չկա:
Մեր աղբյուրներն ասում են, որ մայիսի 6-ի ընտրություններից հետ 12 տարի պաշտոնավարող, Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ է արվելու: Որպես Տավուշի հաջորդ մարզպետ՝ շրջանառվում է ԱԺ պատգամավոր, Բերդ քաղաքից սերված Գագիկ Մելիքյանի անունը: Մեր աղբյուրների վկայությամբ՝ նրա մարզպետ նշանակելու մտադրությունն է պատճառը, որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը հանգրվանել է ՀՀԿ համամասնական ցուցակի ցածր՝ 114-րդ հորիզոնականում:
«Ճի՞շտ է, որ նշանակվելու եք Տավուշի մարզպետ»,- հարցրեցինք Գագիկ Մելիքյանին: Նա բարեհոգի ձեւով ծիծաղեց, իր մարզպետ նշանակվելու լուրը համարելով լրագրողական ասեկոսե: Պ-րն Մելիքյանին հարցրի նաեւ, թե ցանկություն ունի՞ մարզպետ դառնալու: Սակայն այդ հարցին նա փաստորեն չպատասխանեց, ասելով, որ դա ի՞նչ կապ ունի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև