Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Ժառանգությունը» փորձում է կազմաքանդել շտաբի աշխատանքը

Ապրիլ 13,2012 11:40

Հատված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցից:

 

Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ է նշանակում «Ժառանգության» պահվածքը. հնարավո՞ր է՝ ստորագրությունը ետ չվերցնեն, բայց շտաբի աշխատանքներին այդպես էլ չմասնակցեն։

 

– «Ժառանգության» ներկայացուցիչը եկել էր նիստի՝ Հայ ազգային կոնգրեսին հորդորելու համար, որպեսզի Կոնգրեսն իր քննադատությունների հիմնական թիրախ դարձնի ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլ «Բարգավաճ Հայաստանին»: Սա կարմիր թելով անցնում էր Ռուբեն Հակոբյանի բոլոր ելույթներում: Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մասնակցել հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի գործունեությանը, ապա սա փորձ էր՝ կազմաքանդելու շտաբի աշխատանքը։ Որպես քաղաքագետ ասեմ, որ երբ շտաբի առաջին նիստի օրը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը լքեց դահլիճը, ՀՀԿ-ն հույս ուներ, որ մյուս 4 ուժերը ձեռնպահ կմնան շտաբի մասին հայտարարություն ընդունելուց։ Այդ հույսը չարդարացավ, հայտարարությունն ընդունվեց։ Դրանից հետո ի՞նչ հնարավորություն ուներ ՀՀԿ-ն. մեկուսացած մնալու, ինչը շահեկան վիճակի մեջ չէր դնի իրեն, կամ՝ շտաբ վերադառնալու։ Բայց ինչո՞ւ չվերադարձավ, որովհետեւ այդ 4 ուժերի մեջ գտնվեց մի քաղաքական ուժ, որն ըստ էության ձայնակցեց ՀՀԿ-ին՝ չթողնելով նրան մեկուսացված։

Դուք բացառո՞ւմ եք, որ «Ժառանգությունը» հետ կգա շտաբ։

– Ոչ միայն չեմ բացառում, ես վստահ եմ, որ կգա, որովհետեւ սա նման էր շանտաժի: Ես վստահ եմ, որովհետեւ ես՝ որպես քաղաքագետ, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ուսումնասիրել եմ նաեւ «Ժառանգության» վարքագիծը, այդ կուսակցությունը միշտ քայլ է անում, երբ այդ քայլը լուրջ դիմադրության է արժանանում հասարակության կողմից, ընդդիմադիր մյուս կազմակերպությունների կողմից, հետողորմյա է անում եւ վերանայում իր վճիռը։ Այդպես եղավ, երբ «Ժառանգությունը» պատրաստվում էր առանձին ցուցակով եւ ոչ թե Կոնգրեսի հետ միասին մասնակցել քաղաքապետի ընտրությռւններին, բայց երբ կոշտ քննադատության ենթարկվեց, ընդհանրապես հրաժարվեց մասնակցությունից։ Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը իր թեկնածությունը դրեց Երեւանի 7-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանը, եւ այդ քայլը բացասաբար ընդունվեց հանրության կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանը նահանջեց այդ քայլից, վերանայեց իր այդ քայլը եւ որոշեց հետ քաշել իր թեկնածությունը։ Ես կարող եմ նշել էլի նման դեպքեր։

Իսկ կա՞ հասարակական դիմադրություն «Ժառանգությանը»։

– «Ֆեյսբուքում» այսօր արդեն մեծ թվով արձագանքներ են եղել, որոնք չեն ողջունում «Ժառանգության» ուլտիմատումը։ «Ժառանգությունը» կմասնակցի շտաբին. այլ հարց է, որ ցանկանում եմ հուսալ, որ կմասնակցի առանց մասնակիցներից որեւէ մեկին թիրախ ընտրելու։ Նրանք դա կարող են անել իրենց քարոզարշավի ընթացքում։ Այս ֆորմատը չի կարելի օգտագործել որպես ինչ-որ մեկին սեւացնելու ամբիոն՝ առավել եւս մասնակից քաղաքական ուժերին։ Եթե փաստեր ունեն, շտաբը կաշխատի, թող ներկայացնեն շտաբին, ուսումնասիրեն, հայտարարություն անեն։ Բայց հրապարակային մեղադրանքներ ներկայացնել, իշխանություններին առիթ տալ ասելու՝ տեսեք, որ այս շտաբում միմյանց հետ լեզու չեն կարողանում գտնել, տեսեք, աշխատանքները լավ չեն կազմակերպված, իսկ ձեր աշխատանքները՝ ԱԺ պատերի ներքո՝ լա՞վ են կազմակերպված (խոսքը Սամվել Նիկոյանի կողմից Ազգային ժողովում ընթացող քննարկումների մասին է, որոնք եւս ընտրությունները վերահսկելու թեմայով են, եւ որոնց մասնակցում է «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը- հեղ.), սա ընդունելի չէ։ Բա ինչո՞ւ չէր այդպիսի բուռն քննարկում ծավալում «Ժառանգության» ներկայացուցիչը նիկոյանական հանձնաժողովում։ Թող այնտեղ կանգնեին եւ մեղադրանքներ ներկայացնեին։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30