Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսն ու ԲՀԿ-ն լռում են

Ապրիլ 13,2012 11:31

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Բարգավաճ  Հայաստան կուսակցությունը գործում է կոալիցիայից անջատ: Ընդ որում` Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել է, որ կարելի է ձայն տալ բոլորին, բացի ՀՀԿ-ից ու նրա կցորդ ՕԵԿ-ից: Այսինքն` նա համարում է, որ կարելի է ձայն տալ նաև Բարգավաճ Հայաստանին: Հետաքրքիր է` ի՞նչ սկզբունքով է Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին տարանջատում կոալիցիայից: Միայն նրանով, որ այդ կուսակցությունն այսօր հայտարարում է ընտրակեղծիքների դեմ պայքարելու և ձայները պահելու մտադրության մասի՞ն, ինչպես նաև միանում Կոնգրեսի մասնակցությամբ ստեղծվող միասնական շտաբի՞ն: Եթե դրանք են ԲՀԿ-ին կոալիցիայից տարանջատելու չափանիշները, ապա միամի՞տ չեն այդ չափանիշներն արդյոք: Թե՞ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հասարակությունն է միամիտ:

Կամ միամիտ է ՀՀԿ-ն, որ մինչև հիմա իր կողքին է պահում ԲՀԿ-ին և նրան չի զրկում նախարարական պորտֆելներից ու քվոտաներից: Կամ ԲՀԿ-ն է միամիտ ու չի հասկանում, որ Կոնգրեսին միանալը նշանակում է միանալ մարտի 1-ի լիարժեք բացահայտման գործընթացին, այն դեպքում, երբ Կոնգրեսը օլիգարխների հստակ անվանացուցակ էր ներկայացրել, թե ում թիկնազորը ինչ մասնակցություն էր ունեցել մարտի 1-ի դեպքերին: Եվ այդ ցուցակում էր նաև Գագիկ Ծառուկյանի անունը: Ու Կոնգրեսը կարծես թե մինչև հիմա չի հայտարարել, որ Ծառուկյանի հարցում սխալվել է և հանում է նրա թիկնազորին մարտի 1-ի մասնակիցների ցանկից: Հիմա ի՞նչ, Ծառուկյանը պատասխանատո՞ւ է մարտի 1-ի համար, թե՞ ոչ: Երբ Կոնգրեսը գա իշխանության, Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելո՞ւ է իր թիկնազորի գործողությունների համար, թե՞ ոչ: Ծառուկյանն այդ ամենի մասին երաշխիքներ ստանալո՞վ է, որ գնում է Կոնգրեսի հետ համագործակցության` գուցե նպաստելով Կոնգրեսի իշխանության գալուն: Իսկ Ծառուկյանը միայն ի՞ր անձեռնմխելիության համար է երաշխիքներ ստացել կամ ակնկալում, թե՞ նաև Ռոբերտ Քոչարյանի, որին Կոնգրեսը պատրաստվում էր Հաագայի դատարանի առջև կանգնեցնել: ԲՀԿ-ն նաև Կոնգրեսի ա՞յդ նախաձեռնությանն է միանալու:

Ինչպես տեսնում եք, ներկայիս քաղաքական խաղի միայն մի դրվագը առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չափազանց էական են Հայաստանում համակարգային իշխանափոխության խնդրի տեսանկյունից, երբ ոչ թե միայն անձինք և դեմքերը, այլ համակարգի որակը կփոխվի, մինչդեռ լինելով այդքան կարևոր, այդ հարցերը այսօր պատասխան չունեն: Թե՛ Կոնգրեսը, թե՛ առավել ևս ԲՀԿ-ն այդ հարցերի մասին ակնարկ անգամ չեն անում` թերևս հասկանալով, որ ասելու բան պարզապես չունեն, որովհետև այդ պայմաններում ինչ էլ որ ասեն, բումերանգի նման ուղղելու են իրենց իսկ վրա, ու նաև Հայաստանում համակարգային փոփոխությունների հանրային ակնկալիքների, հույսերի վրա:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30