Ընտրական գործընթացում ոստիկանության իրավասությանն առնչվող խնդիրների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն այսօր «Ընտրություններին ընդառաջ» քննարկման օրակարգում էր: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Եվրոպական միության ու կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպմանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ արդեն հանձնարարականներ է տվել հետեւողական լինել իրավախախտումների հանդեպ. «Ես անձնական պատասխանատվություն եմ կրում ցանկացած ահազանգի, սկսած Մեղրիից մինչեւ Տավուշ, անօրինականություն լինելու դեպքւմ կանխարգելման ու բացահայտման անձնական պատասխանատվություն եմ կրում: Ես ակնկալում եմ, որ մեր հետագա մյուս հանդիպումների ժամանակ մենք շիտակ և պարզ կնայենք իրար աչքերի մեջ և ոչ մեկս ոչ մեկից հայացք չի փախցնի: Մենք տեր ենք մեր գործին, մենք տեր ենք ընտրություններին, մենք դեմն ենք առնելու բոլոր այն երևույթներին, որոնք խաթարելու են ընտրությունների բնականոն ընթացքը»:
Ոստիկանապետը ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ հատուկ շտաբ է ստեղծվել, որն արագ արձագանքելու է բոլոր ահազանգերին. «Ցուցակների մաքրումը շարունակվում է ու մինչեւ ընտրություններ կարող ենք զեկուցել, որ ընտրացուցակները պատշաճ վիճակում են գտնվում՝ չբացառելով առանձին դեպքեր: Սա յուրօրինակ քննություն է լինելու եւ ոստիկանության եւ ինձ համար, ու ես չեմ պատրաստվում քննությունների ժամանակ ծույլիկի կարգավիճակում գտնվել»:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, որ վերեւներում ամեն ինչ հասկացված է. «Բայց երբ ներքեւում ՝ընտրատարածքներում, անձնական շահերի հարց է բարձրանում, իհարկե, արջի ծառայություն մատուցողներ կլինեն… Ոստիկանությունը սառը ցնցուղ է լինելու ցանկացած արկածախնդրի համար»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ