«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակի ներկայացուցիչները, որոնք իրենց քարոզարշավը սկսեցին Կոտայքի մարզից, այսօր հասցրեցին լինել 10 բնակավայրերում՝ Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Աբովյան եւ Գառնի:
Ամենամարդաշատ հանդիպումը տեղի ունեցավ Նոր Հաճնում, որտեղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց թե այսօր շատ կուսակցություններ կան, շատ ուժեր են մասնակցում ընտրապայքարին եւ ունեն իրենց դրոշները՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ, «Ժառանգություն» կամ մեկ ուրիշ, բայց մատնացույց անելով «Ժառանգության» դրոշը հավելեց՝ «սրանք ստորադաս դրոշներ են, սրանք այսօր կան, վաղը կարող են չլինել» ու ձեռքն առավ ՀՀ եռագույն դրոշն ու ասաց. «Միայն սա է, որ հավերժ է, միայն սա է, որ մեզ միավորում է, սրա համար է, որ այս անգամ, առաջին անգամ 20 տարվա մեր պատմության մեջ մենք գալիս ենք իշխանությունն ու դրոշակը՝ այս մեկը Հայաստանի Հանրապետության, սրբազան դրոշակը ձեզ եւ մեր երեխաներին վերադարձնելու համար: Եվ նա, ով ավելի բարձր է դասում իր սեփական կուսակցությունը, աթոռը, փառքը, հռետորաբանությունն ու կարգախոսը, քան մեր Հայաստանի դրոշն ու զինանշանն ու հեռանկարը, նա մեր մրցակիցն է, բայց ոչ երբեք` մեր թշնամին: Նա մեր մրցակիցն է եւ այլեւս երբեք ՀՀ խորհրդարանում չի կազմելու մեծամասնություն, եւ մայիսի 7-ից Հայաստանի ժողովուրդը՝ Նոր Հաճնից մինչեւ ամենահեռավոր քաղաքը ունենալու է իր մեծամասնությունն ու իրեն պատկանող Ազգային ժողովը, որը նրան հաշվետու պիտի լինի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը փաստեց, որ մինչեւ այսօր՝ անցած 5 տարիներին, ժողովուրդը տեսել է «Ժառանգության» պատգամավորների ակտիվ ու անձնվեր աշխատանքը, համոզվել, որ նրանք միշտ կանգնած են եղել իրավազուրկի թիկունքին եւ նոր լիցքով եւ թարմ ուժերով, երիտասարդներով համալրված այս թիմը պատրաստ է եւս 5 տարի լինել մարդկանց կողքին ու բարձրաձայնել նրա հոգսերի մասին եւ փորձելու լուծումներ տալ դրանց:
Եղվարդում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ բնակիչներին կոչ արեց մոռացության մատնել, անտեսել բարեգործությունն ու կեղծ բարերարներին եւ մտածել երկրի ապագայի մասին: Խոսելով ընտրապայքարին մասնակցող քաղաքական այլ ուժերի մասին՝ Արզումանյանն ասաց, թե նրանց մեջ կան կեղծ բարերարներ, կեղծ ընդդիմադիրներ, որոնք մեկը մյուսին ընդդիմադիր են, բայց երկու ձեռք են, որոնցից մեկը գողանում է, մյուսը ընդդիմանում: Նա հորդորեց՝ «թոթափեք վախը և մայիսի 6-ին ձեր սրտի թելադրանքով գիտակից ընտրություն կատարեք», հավելելով նԸաեւ, թե ինքը կոչ չի անում ընտրել «Ժառանգությանը»: «Ընտրեք այն ուժը, որն ուզում եք, բայց թող դա լինի գիտակցված, ոչ թե վախով թելադրված ընտրություն»,- եզրափակեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը: