Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Գյուղացիներն անհանգստացած են. գարնանացանն ուշանում է

Ապրիլ 13,2012 00:00

Ապրիլի առաջին կեսը նպաստավոր չէ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության համար: Մարզի ցածրադիր գոտիներում չի սկսվել ոչ վարուցանքը, ոչ էլ անասունների արոտի  շրջանը: Գյուղացիները մտահոգված են, որ նախորդ տարվա պես ուշ սկսվող գարնացանի պատճառով վատ բերք կստանան:

«Էսպես որ էթա, մայիսին հազիվ էլ կարողանանք գարին ցանենք: Մինչեւ խողը տաքնա, ձները խալեն, կեթա կխասնի հունիսի սկիզբ»,- ասում է Գանձակ գյուղի բնակիչ 70-ամյա Սուրիկ Խաչատրյանը:

Սուրիկն արդեն 20 տարի է, ինչ գարի է ցանում եւ այս տարի էլ պատրաստվում է շուրջ մեկ հեկտար գարի ցանել: Գյուղացիներն ասում են, որ նախորդ տարի էլ բերքը առատ չէր. օրինակ երկու հեկտարից՝ 400 կգ գարի են ստացել:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի գյուղաջակցության կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը, Գեղարքունիքում, սովորաբար, գարնանացանի աշխատանքների մեկնարկը համարվել է մարտի 20-ը, ավարտը՝ մայիսի կեսերը:  Գարնանացանը սկսվում է ցածրադիր գոտիներից եւ աստիճանաբար, հողերը ձյան ծածկույթից ազատվելուն պես, տեղափոխվում բարձրադիր գոտիներ: Սակայն այս տարի, դատելով ցածրադիր գոտիներում ու լեռնային հատվածներում դեռեւս պահպանված ձյան շերտից եւ ջերմային ոչ բարձր ռեժիմից, գարնանացանը կմեկնարկի մինչեւ ապրիլի կեսերը: Միակ հուսադրող բանն այն է, որ մարզի տնտեսությունները 20 հազար հեկտարից ավել աշնանացան ցորենի ցանք են կատարել:

Անասունների, հատկապես մանր եղջերավորների արոտի շրջանը եւս մարզում, սովորաբար, համարվել է մարտի երրորդ տասնօրյակը, բայց դեռ ապրիլի 3-ի դրությամբ ոչխարի հոտերը դաշտ դուրս չեն եկել, եւ, ամենայն հավանականությամբ, դրանք արոտի դուրս կբերվեն առնվազն մեկ-երկու շաբաթից:

Անասնակերը թեեւ բավարար է մսուրային շրջանի համար, սակայն մսուրային երկար շրջանը, որ տեւեց մոտ վեց ամիս, անպայմանորեն բացասաբար է անդրադառնում անասունների մթերատվության վրա:

Արդեն ավարտին է մոտեցել ոչխարի ծինը: Մարզային գյուղաջակցության կենտրոնի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչխարի ծինն ընթացել է հաջող եւ ապահովվել է բարձր գառնատվություն: Բարեհաջող, առանց անկումների է ընթանում նաեւ խոշոր եղջերավորների ծինը: Խոշոր ու մանր անասնապահական տնտեսությունները ձգտում են հարկադիր մորթի չենթարկել անասնագլխաքանակը եւ այն արոտ դուրս բերել առանց կորուստների եւ առողջ վիճակում:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30