Այսօր Կապանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական հանարհավաքի ժամանակ կուսակցությունից թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գագիկ Գեւորգյանը կապանցիների առաջ խոստացել է քաղաքակիրթ ընտրապայքար տանել.«Թիվ 38 ընտրատարածքում գրանցված է 5 թեկնածու: Այսօր ես բոլորիդ առաջ խոստանում եմ ու պահանջում եմ բոլորիցս` սկսած ինձանից , որ տանենք քաղաքակիրթ ընտրապայքար` առանց մեկը մեկի վրա ցեխ շպրտելու, առանց մեկը մյուսին վիրավորելու: Ես ինքս խոստանում եմ, որ այդպիսի բան չեմ անի, բայց այստեղից զգուշացնում եմ բոլոր թեկնածուներին, որ եթե որեւէ մեկի մտքով հանկարծ անցավ ինչ-որ անգամ մի փոքր բան ստանալ, տասնապատիկ չէ , այլ հազարապատիկ բան են ստանալու, դա խոստանում եմ: Եթե ընտրություններն անցնեն ազատ, թափանցիկ, առանց ստիպելու, վախեցնելու, առանց ընտրակաշառքի եւ, եթե ես չընտրվեմ, խոստանում եմ առաջինը ես կզանգեմ շնորհավորեմ», – իր ելույթի ժամանակ հայտարարել է պատգամավոր Գագիկ Գեւորգյանը:
ՀՅԴ մարզերում անցկացվող նախընտրական իր հանդիպումները մեկնարկել է այսօր եւ Սյունիքից: Մոտ մեկ ժամ տեւած հանրահավաքին կուսակցության ծրագրերի մասին ու քարոզչական ելույթներով հանդես են եկել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Դավիթ Լոքյանը, Աղվան Վարդանյանը, Արա Նռանյանը եւ այլն: «Մենք թշնամիներ չենք ուզում, բայց նաեւ պատարստ ենք կտրել այն մարդու ձեռքը, ով թշնամանքով մեզ վրա կբարձրացնի, մենք ուզում ենք սիրո ու հարգանքի մթնոլորտում անցնեն այս ընտրությունները, եւ մենք դուրս գանք առանց ցնցումների, կայուն, խաղաղ զարգանալու հնարավորություն տանք մեր երկրին, մեր ժողովրդին, որ մարդիկ բարեկեցիկ, արժանավայել կյանքով ապրեն»,- ասել է Դավիթ Լոքյանը:
Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, ով իր հրամանատարության ներքո ունեցել է քաջարի կապանցի ազատամարտիկներ եւ նշել է նրանց անունները, «հրամայել է» հավաքված կապանցիներին մայիսի 6-ին գնալ ընտրության եւ քվեարկել Դաշնակցության ու դաշնակցական պատգամավորի օգտին: Հանրահավաքից հետո երեկոն շարունակվեց համերգային ծրագրով, որին այնքան երկար սպասում էին մշակույթի կենտրոնի հանդիպման հրապարակում հավաքված դպրոցականներն ու երիտասարդները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ