Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հաղորդագրություն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման հայկական հարցի մասին

Ապրիլ 12,2012 22:03

Վերջին 3 օրերի ընթացքում, կապված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի ազատության սրահում ադրբեջանական 4 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրման մասին հանրային արձագանքների եւ հարակից զարգացումների հետ, Ակումբը ներկայացնում է հետեւյալ պարզաբանումները, մեկնաբանությունները եւ եզրակացությունը:

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» կազմակերպության ղեկավար Գ.Վանյանը մեկ ամիս առաջ դիմել է ակումբին, խնդրելով հնարավորություն տալ այստեղ վրացական եւ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել, բացատրելով, որ իրեն մերժել են այդ անել այլ տեղերում եւ այդ ֆիլմերի մասին քննարկումների կազմակերպման տարածքի հայթայթման դժվարություններ ունի:

Հաշվի առնելով, որ արտահայտման ազատության պաշտպանության սկզբունքը ակումբի հիմնարար սկզբունքն է, իր գործունեության 12 տարիների ընթացքում ակումբը ասուլիսների, ցուցադրումների, շնորհանդեսների, քննարկումների եւ ուսուցումների համար մոտ 1200 անգամ հատկացրել է անհատներին եւ կազմակերպություններին` անվճար, եւ այդ արել է առանց գրաքննության, ակումբը այս դեպքում էլ է համաձայնել ցուցադրումների եւ քննարկումների համար տարածք տրամադրել կազմակերպչին:

Ակումբը չի կազմակերպել այդ ցուցադրությունը կամ փառատոնը, ինչպես կոչում է այն կազմակերպիչը, չի ստանձնել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումների քարոզչությունը կամ գովազդը: Ակումբը իրազեկել է միայն տեղական զանգվածային լրատվամիջոցներին եւ լրագրողներին, ինչպես եւ բոլոր այլ միջոցառումների դեպքում, որ եղել են այստեղ նախկինում: Ակումբը ոչ ակնկալել է, ոչ էլ ֆինանսական կամ այլ եկամուտ է ստացել այս ցուցադրումների համար տարածք տրամադրելու դիմաց, ինչպեսեւ ոչ մի այլ միջոցառման դեպքում, որ կազմակերպվել են այստեղ:

Մարտի 28-ին, վրացական ֆիլմերից առաջինի ցուցադրումից կես ժամ առաջ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանին է զանգել Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանը եւ հետաքրքրվել, թե ինչ ֆիլմ է  ցուցադրվելու, բացատրվել է, ապա պարոնը հորդորել է «մեր հեղինակության մասին» մտածել: Պատասխան է ստացել, որ իշխանության հեղինակության մասին պիտի իշխանությունը մտածի: Ապա մարզպետը հորդորել է «ձեր հեղինակության մասին մտածել», Լ.Բարսեղյանը հարցրել է, թե այդ երբվանի՞ց է իշխանությունը մտահոգվում իր եւ ակումբի հեղինակության մասին: Մարզպետը պատասխան չտալով, հարցրել է` բա ինչ անենք: Լ.Բարսեղյանը, նկատելով, որ մարզպետը ֆիլմի մանրամասներով է հետաքրքրված, նրան հրավիրել է ֆիլմը դիտելու եւ քննարկմանը մասնակցելու, իսկ ծայրահեղ դեպքում` մարդ ուղարկել, որը կդիտի ֆիլմը եւ կգնա իրեն կպատմի: 5 րոպեից ֆիլմի դիտմանն է ներկայացել մարզպետարանի լրատվության եւ հանրության հետ կապի բաժնի աշխատակից Ս.Գրիգորյանը, որը դիտել է ֆիլմը եւս 15-20 հետաքրքրվածների հետ, մասնակցել քննարկմանը եւ հեռացել: Մարզպետի հետ հեռախոսազրույցի եւ Ս.Գրիգորյանի ժամանման ընթացքում Լ.Բարսեղյանի աշխատասենյակում են եղել նաեւ այս պատմության հետ կապ չունեցող մի դեսպանատան աշխատակիցները:

Ապրիլի 9-ին tert.am-ը լուր տարածեց, թե ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 11-ին ժամը 12:00-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացվի բողոքի ակցիա: Արման Սահակյանն ու իր կողմնակիցները կոչ են անում բոլոր հասարակա-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիներին միանալու բողոքի ակցիային եւ «ՈՉ» ասելու ադրբեջանական ֆիլմերի փառատոնին:

Ապրիլի 10-ին` ժամը 11-ին Լ.Բարսեղյանին է զանգել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, եւ ճշտել` ինչ եւ որտեղ է ցուցադրվելու: Ապա նորից է զանգել կես ժամ անց եւ սկսել բացատրել, որ մեզ վայել չէ այդ ֆիլմերի ցուցադրությունը, հորդորել է դրանք չցուցադրել ակումբում, մերժում ստանալուց հետո սկսել է խոսել հեղինակությունից, ապա ակումբի հեղինակությունից, չի կարողացել պատասխանել Լ.Բարսեղյանի այն հարցին, թե երբվանից է քաղաքապետարանը մտահոգ ակումբի հեղինակությամբ, ինչու քաղաքապետարանը մտահոգ չէր, երբ առայժմ անհայտ անձինք հրկիզում էին ակումբի ավտոմեքենան եւ գրասենյակը: Մշակույթի մասնագետը մերժում ստանալուց հետո, սկսել է սպառնալ, որ Լ.Բարսեղյանին «դավաճան» են անվանելու, վարկաբեկելու են, գալու են լցվելու ակումբ, վնաս են տալու ակումբին: Լ.Բարսեղյանը բացատրել է, որ ակումբն ու ինքը սովոր են իշխանությունների եւ այլոց հալածանքներին եւ պատրաստ են դիմագրավել բոլոր հարձակումներին:

Ապրիլի 11-ին ժամը 13:40-14:20 Գյումրու քաղաքապետարանի շենքի դիմաց անցկացվել է հանրահավաք, որին մասնակցել են ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, քաղաքապետարանի աշխատակիցները, ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը եւ իր գրասենյակի աշխատակիցները, մանկավարժներ, դպրոցների տնօրեններ եւ միջին ու բարձր դասարանների աշակերտներ: Ելույթ են ունեցել մոտ 10 հոգի, այդ թվում քաղաքապետը, հնչած ելույթներում, ի թիվս ֆիլմերի ցուցադրման քննադատությունների, հնչել են նաեւ հետեւյալ արտահայտությունները.

Քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Արտաշես Կարապետյան. «Անհայտ ազգությամբ, անհասկանալի մի անձ (Գ.Վանյանին ի նկատի ունի), որը ցավոք երբեմն հայ ժողովրդի դարավոր կենսագրության մեջ սողոսկել է, փորձում է  Հայաստանի ամենաավանդապաշտ, ամենաբարեպաշտ, ամենահավատավոր քաղաքում կազմակերպել  ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Գյումրիում գտնվել է մի կազմակերպություն, դա ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է եւ նրա ղեկավարը, դժվար է անգամ նրա անուն-ազգանունը արտաբերել հայկական ազգանունով` Լեւոն Բարսեղյան, որը ընդունում է տվյալ Վանյանին: Միանշանակ ոչ եք ասելու այդ փառատոնը, կորչի փառատոնը, կորչի «Ասպարեզ» ակումբը, կորչեն Վանյանները»:

ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյան. «Մենք սահմանի վրա ենք թուրքերին ման գալիս, բայց թուրքերը  մեր մեջ ազատ ֆռֆռում են, դրանց սպանել է հարկավոր, վառել որպես ազգի դավաճան»:

80 տարեկան մանկավարժ Շուռա Ղազարյան. «Ես խորհուրդ կտամ ստուգել Լեւոն Բարսեղյանի արյունը, տեսնել ինչ արյուն է հոսում, ամոթ քեզ Լեւոն Բարսեղյան: Ես գիտեմ, որ մյուս մշակույթի օջախներում այդպիսի կեղտը, աղբը երբեք չեն ցուցադրի, իսկ եթե Լեւոնը ուզում է ցուցադրել, թող ինքը ցուցադրի իր ընտանիքի համար, գարունն էլ բացվել է, ինքը թոթոլ տղա է, թող մի հատ գնա Ադրբեջան: Ոչ ասեք էդ ստորներին, ստորաքարշներին, որոնք որ ադրբեջանցուց բեթար են: Երեւանը մերժում է, Կիրովականը մերժում է, բերում են էս ավանդական քաղա՞ք»:

Անցած 3 օրերի ընթացքում ակումբ եւ խորհրդի նախագահին են զանգահարել առայժմ անհայտ անձինք, ովքեր սպառնացել են ֆիլմերի ցուցադրման դեպքում «ամեն ձեւ» վնասել ակումբին, հնչել նաեւ անձնական բնույթի սպառնալիքներ` ուղղված ակումբի աշխատակիցների եւ ֆիլմերի դիտմանը մասնակցածներին ու նրանց ընտանիքներին:

Ակումբի գրասենյակի դիմաց ապրիլի 12-ին առավոտյան ժամ 10:30-ից պիկետ են սկսել ՀՅԴ ներկայացուցիչները, ապա նրանց են միացել մոտ 200 ցուցարար, այդ թվում դպրոցահասակ երեխաներ, բողոքելով ցուցադրումների դեմ, որ նախատեսված էին ժամը 15-ին: Ժամը 10:50-ին շքամուտքի մոտ քաշքշուկ տեղի ունեցավ Գեորգի Վանյանի հետ: Ժամը 11:30-ին մոտ 30 ցուցարարներ, այդ թվում ՀՀԿ, ՀՅԴ անդամներ, Շիրակի մարզպետարանի կրթության եւ լրատվության բաժնի աշխատակից Ս.Գրիգորյանը, քաղաքապետարանի մշ. բաժնի պետը, ազատամարտիկներ, մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը, կիոռեժիսյոր Արթուր Հարությունյանը եւ այլք, ընդունելով Լ.Բարսեղյանի հրավերը, մտան ակումբ ֆիլմերի ցուցադրման հարցը քննարկելու եւ իրենց ասելիքը Գ.Վանյանին ասելու համար: Ակումբի Խոսքի ազատության սրահում 2 ելույթից հետո ծայր առավ գոռում-գոչյուն եւ քաշքշուկ, որի ժամանակ խառը իրադրության մեջ 2 անգամ հարվածեցին Գ.Վանյանին: Ոստիկաններին եւ մյուսներին հաջողվեց հանդարտեցնել իրադրությունը, առանձնացնելով Վանյանին հարեւան սենյակում: Ցուցարարները շարունակում էին բարձրաձայն պահանջել Վանյանի վտարումը Գյումրիից, քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը բոլորից բարձր պահանջում էր իրեն վերապահել այդ իրավունքը, այս հարցով ակտիվությամբ երկրորդ տեղում էր ՀՅԴ ներկայացուցիչը: Ցուցարարների տարբեր խմբեր, այդ թվում եւ ոստիկանները, ի դեմս մարզային վարչության պետ Կ.Բաբակեխյանի, մի քանի անգամ մտնելով Վանյանի սենյակ, բանակցում էին նրա հետ, հորդորելով կամ պահանջելով հեռանալ քաղաքից, Ոստիկանության մարզային վարչության պետ Կ.Բաբակեխյանը, մեկնաբանելով իրադրությունը, Գ.Վանյանին բացատրեց, որ ցուցարարների թիվը ավելանում է եւ հետզհետե զայրացած ցուցարարները կարող են դուրս գալ իրենց վերահսկողությունից, իսկ հետեւանքները անկանխատեսելի են:

«Ասպարեզ» ակումբի էներգասնուցումը անջատվեց ժամը 12:10-ին, վերականգնվեց միայն 17:10-ին, խափանելով ակումբի, թերթի խմբագրության, հեռուստաարտադրական ստուդիայի եւ հարակից տպագրատան աշխատանքները: Էլցանցից մեկնաբանությամբ, էներգիայի անջատման պատճառը վաղօրոք պլանավորած պրոֆիլակտիկ աշխատանքներն էին, բայց, չնայած էլցանցի հետ պայմանավորվածությանը, որ պլանային անջատումներից առաջ էլցանցը պարտավորվել էր տեղեկացնել ուղիղ ակումբին, այս անջատման մասին ոչինչ չէին տեղեկացրել:

Ժամը 13:20-ին Գ.Վանյանը լրագրողների առաջ հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ հաշվի առնելով մարդկանց անվտանգության ռիսկերը, ինքը որոշել է ֆիլմերի չցուցադրել:

Գեորգի Վանյանին եւ իր գործընկերներին ոստիկանները տեղավորեցին ակումբի բակ բերված ոստիկանական ավտոմեքենայի մեջ, ապա մեկ այլ ոստիկանական ավտոմեքենայի ուղեկցությամբ ճանապարհեցին:

Ավելի ուշ` ժամը 18-ին ակումբի ստացած տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ֆիլմերի նախատեսված ցուցադրությունը տեղի է ունեցել Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Արթիկի տարածաշրջանին հարող մի ռեստորանում, Երեւանից Գյումրի ուղեւորված եւ այդտեղ Գ.Վանյանին դիմավորած հանդիսատեսների համար: Ցուցադրությանը ոչ ոք եւ ոչինչ չի խոչընդոտել:

Վերլուծելով ամբողջ տեղի ունեցածը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է.

  1. Ակումբը դատապարտում է տեղի ունեցած բռնությունները եւ վայրենի վերաբերմունքը Գեորգի Վանյանի նկատմամբ, համարում է այդ վարքը գյումրեցուն անվայել: Անվայել է նաեւ 30 հոգով ֆիզիկապես մեկի վրա հարձակվելու հանգամանքը: Իրեն ազատամարտիկ համարող մարդը չէր կարող իրեն թույլ տալ սեփական ճշմարտությունը ապացուցելու համար բանավեճի ժամանակ հարվածել մարդուն, այն էլ թիկունքից:
  2. Ակումբը դատապարտում է քաղաքական կամ այլ շահագրգռություններով ուսումնառության տապալումն ու երեխաների օգտագործումը այսօրինակ ակցիաներում:
  3. Այն լուրերը, թե ապրիլի 12-ի պիկետի ժամանակ ակումբի ելումուտը կառավարել են ցուցարարները եւ նրանք են լրագրողներին թույլ տվել ներսուդուրս անել, սուտ է, ակումբի դռանը կողպեք կախելու մասին որոշ ցուցարարների հայտարարությունները հանդուգն հիմարությունների շարքից են. ակումբի դռանը կողպեք կախողը չի ծնվել: Այն լուրերը, թե ակումբը կամ ակումբի անունից լիազորված որեւէ մեկը դիմում կամ բողոք է հղել միջազգային ատյաններին, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակին կամ միջազգային դիտորդներին, նույնպես սուտ են:
  4. Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության հնարավորության ընձեռումը կազմակերպիչ Գեորգի Վանյանին հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կամ դրվագների մասին նրա տեսակետներին համաձայնության իմաստ չի կրում, այնպես, ինչպես` ակումբում տեղի ունեցած 1200 միջոցառումների դեպքերում պարտադիր չի եղել, որ ակումբը համաձայն լինի այդ միջոցառումները հրավիրողների հետ: Մեղադրել ակումբին իր կանոնադրական նպատակներին հավատարիմ մնալու համար, նույն է, թե մեղադրել Գ.Վանյանին թերթ վաճառողին կամ հյուրանոցում սենյակ տրամադրողներին:
  5. Ֆիլմերի ցուցադրմանը դեմ արտահայտվողների կարծիքները զարմանալիորեն համընկան Ադրբեջանի իշխանությունների` այդ կապակցությամբ արտահայտված դժգոհությանը, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ մնացին:
  6. Ոչ ոք իրավունք չունի սահմանել այլոց հետաքրքրությունները: Ակումբը կոչ է անում հարգել բոլոր նրանց իրավունքները, ովքեր հնարավոր է հետաքրքրված են այս եւ այլ ֆիլմերի դիտումներով:
  7. Հասարակության մի մեծ խմբի դժգոհությունը հարուցած ցուցադրության բռնություններով խափանման եղած միջադեպը հղի է այնպիսի հետեւանքներով, որոնց մասշտաբներն ու թողնելիք հետքերը դժվար է կանխատեսել ամբողջությամբ:
  8. Գյումրեցիներին թասիբի եւ արժանապատվության հուշումներով բռնությունների մղած բոլոր շահախնդիրներին կոչ ենք անում զբաղվել գյումրեցու արժանապատվությունն իսկապես ոչնչացնող խնդիրներով. քաղաքում մնացած 6.500 անօթեւան ընտանիքների ճակատագրով, 47 տոկոսանոց աղքատության, արտագաղթի տեմպերով, 300 կմ բացարձակ ավերակ փողոցներով (փողոցների ընդհանուր երկարության 90 տոկոսից ավելին), 1000-5000 դրամ ընտրակաշառքի հերթագրված տասնյակ հազարավորներով, մշակութային արժեքների իրական պաշտպանությամբ եւ այլն: Ֆիլմերի ցուցադրում-չցուցադրումը որպես իրական խնդիր չկա Գյումրվա եւ Հայաստանի առաջնահերթությունների անգամ առաջին հարյուրյակում:
  9. Ակումբը չի կիսում բոլոր նրանց մտահոգություններն առ այն, թե ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վտանգում է  ազգային անվտանգությունը, որովհետեւ չկա այդ հավաստող որեւէ գիտական ապացույց կամ հետազոտություն, չկա նաեւ օրենքով սահմանված որեւէ արգելք: Բացի այդ չկա որեւէ պետական, ոլորտային պաշտոնյայի կամ կառույցի հրապարակային դիրքորոշում այս մասին: Իսկ Հայաստան-Ադրբեջան պետական մակարդակով շփումներն ու փոխադարձ այցելությունները խոսում են հայտնի կոնֆլիկտը փոխադարձ շփումներով կարգավորելու կամքի մասին:
  10. Ակումբը չի կիսում բոլոր նրանց մտահոգություններն առ այն, թե ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, որովհետեւ այդ դեպքում անհասկանալի են մնում նույն բողոքավորների ծայրահեղ հանդուրժողությունը ՀՀ եւ Թուրքիո նախագահների ողջագուրանքներին, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին ու համատեղ ճաշերին, Բաքվում «Եվրանեստի» հանձնաժողովի նիստում մեր հասցեին հնչող անհեթեթություններին հայաստանյան պատգամավորների ունկնդրումներին, երկու երկրների մարզիկների փոխադարձ շփումներին ու անգամ` մերոնց պարտություններին, մշակութային գործիչների շփումներին, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում թուրքական եւ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումներին եւ պարգեւատրումներին. կրկնակի ստանդարտները որեւէ կերպ չեն կարողանում մեկնաբանել կամ հերքել բոլոր նրանք, ով անցած 3 օրերին հայտարարել է, թե ազգային արժանապատվության վեճ է սա: Սրա հետ մեկտեղ Ակումբը վերոհիշյալ շփումները, չնչին վարքային բացառություններով, համարում է կոնֆլիկտի լուծման որոնումների եւ քարոզչական միջոցառումների շարքում ոչ դատապարտելի, իսկ որոշ դեպքերում խրախուսելի:
  11. Այս ցուցադրությունների դեմ բողոքողները դիտավորյալ իրենց թիրախ են ընտրել ոչ թե նախաձեռնության հեղինակին եւ կազմակերպչին, այլ` քաղաքական մանր շահախնդրություններից ելնելով` ակումբը. Ակումբը չունի քաղաքական կողմնորոշում, ակումբի բոլոր աշխատակիցներն ունեն իրենց հայացքներն ու տեսակետները, իսկ Ակումբի խորհրդի նախագահն ու մի քանի աշխատակիցներ մշտապես հրապարակել են իրենց կարծիքները հայաստանյան հասարակական, քաղաքական, մշակութային զարգացումների եւ Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, նրանք հիմնականում քննադատել են իշխանություններին:
  12. Այս հայտարարության տարածման դրությամբ Ակումբին որեւէ նյութական վնաս չի հասցվել պիկետի կամ այս ցուցադրումների հետ կապված իրադարձությունների մասնակիցների կողմից: Ակումբը մարդկանց սպանելու եւ վառելու հրապարակային հայտարարությունների մասին (ՀՀ Քր. Օր. 137) իրազեկել է ՀՀ Ոստիկանությանը եւ դատախազությանը: Ակումբի խորհրդի նախագահի հասցեին հղված վիրավորանքների եւ զրպարտության մասին համապատասխան հայցեր կհղվեն դատարան մինչեւ 2012 թվի մայիսի 10-ը:
  13. Ակումբի եւ աշխատակիցների նկատմամբ բռնկված հիստերիան եւ վայրահաչը չեն կարող կաշկանդել ակումբի գործունեությունը, նպատակների եւ խնդիրների իրագործումը: Ակումբը մնում է հավատարիմ իր հիմնադիր սկզբունքներին` պաշտպանել խոսքի եւ արտահայտման ազատությունը իր հարակից բաղադրիչներով:

 

«Ասպարեզ» ակումբ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30