Մեր տեղեկություններով, այսօր կեսօրին Սև Ղուլ կոչվող ամրոցի մոտ սպանել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա նշանածին:
Ըստ «Առավոտի» աղբյուրների, քաղաքապետը իր միջնեկ դստերը նշանել էր օրերս, ու փաստացի այս երիտասարդը դեռ չէր հասցրել մտնել փեսայի դերի մեջ: Ի դեպ, մեզ հավաստիացնում են, որ երիտասարդի ծնողները բնակվում են ԱՄՆ-ում: Թե ո՞րն է եղել նրան կյանքից զրկելու պատճառը, դեռ անհայտ է, սակայն սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին, որը, ըստ մեր ոստիկանական աղբյուրների, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կարդացեք նաև
Նշենք, որ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է գտնվում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ, երիտասարդ պատգամավորի հայրը` Կամո Գրիգորյանը, նրանց քավորն է: Եթե ի նկատի ունենանք, որ ՀՀԿ-ական քաղաքապետի ու ԲՀԿ-ական պատգամավորի ջրերը մի առվով չեն հոսում, չի բացառվում, որ սպանությունը կատարված լինի նաև քաղաքական հողի վրա: Սակայն սա սոսկ Գյումրիում տարածված վարկած է, այս պահին Շիրակի մարզի ոստիկանապետն ու դատախազը դեպքի վայրում են, մանրամասներ կհաղորդենք քիչ հետո, պաշտոնական աղբյուրներից ճշտելուն պես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ