Այսօր Չարենցավանում ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավը մինչ կսկսեր, հավաքվածների մեջ մի կին սկսեց բղավել, ներկաների ուշադրությունը գրավել: Նա կարմիր ժապավենը դոշին եկել էր ՀԱԿ-ի հանրահավաքին եւ պահանջում էր, որ Կոնգրեսի փոխարեն կոմունիստներին բերեն, քանի որ ինքը կոմունիստներին է հավանում, սրտով, հոգով կոմունիստ է:
Մոտեցա եւ փորձում էի նկարել, կինը հարձակվեց եւ խփելով ձեռքիս՝ ֆոտոխցիկը գցեց գետնին: Բարեբախտաբար, այն չկոտրվեց: Մեր բուռն բանավեճին՝ «մենք մեր գործն ենք անում, ում ուզում եք՝ ընտրեք, ուզում եք՝ ընտրեք Ռուբեն Թովմասյանին», միջամտեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ խնդրեց կնոջ հետ կոնտակտ չունենալ:
Ավելի ուշ ՀԱԿ-ի ներկայացուցիչներից մեկին մի կերպ հաջողվեց կոմունիստ կնոջը լռեցնել եւ հեռացնել տարածքից: Հարցին, թե այդ ի՞նչ ասացիք, որ նա սուսուփուս գնաց՝ ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես իրեն ասացի, որ երբ ՀԱԿ-ը գա իշխանության, կոմունիստներին իր հետ կբերի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև