Այն բանից հետո, երբ այսօր ՀՀ ԿԳ նախարարությունը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումները դարձրեց հրապարակային, սկսեցին լուրեր պտտվել, թե Լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը օրվա ընթացքում իր մոտ է կանչում բուհում ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարբեր անձանց և նրանց հետ փորձում հետին թվով փոփոխություններ մտցնել տարբեր փաստաթղթերում: Aravot.am-ը Ս. Զոլյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո°ւմ են այս տեղեկությունները: Մեզ հետ զրույցում պարոն Զոլյանն ասաց. «Ասողը ստախոս է, ես հերքում եմ այդ տեղեկությունները»: Ռեկտորը հայտարարեց, թե որ նախարարությունն է, որ փոխել է ակտը՝ «ինչ–որ նոր բաներ մտցրել, ինչը չկար նախագծում»:
Հետաքրքրվեցինք՝ եթե նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ի°նչը կարող էր նման խոսակցությունների առիթ դառնալ: Պարոն Զոլյանը պատասխանեց. «Հայերեն լեզվով դրան ասում են մուտիլովկաներ, մուտիլովչիկներն էլ հայտնի են՝ ովքեր են»:
Aravot.am-ի հետ զրույցում ԵՊԼՀ ռեկտորը հայտարարեց, որ ցանկանում է վերջ տալ այս ամենին և հավելեց. «Ես ողջունում եմ պարոն Աշոտյանի մտադրությունը գնալ դատարան և զերծ մնալ հայտարարություններից: Դատարանը թող որոշի՝ մեզնից ով է ճիշտ այս առումով»: Ս. Զոլյանը նաև նշեց. «Ես ունեմ երկու պայման. երկուսս էլ այլևս հայտարարություններով հանդես չենք գալիս, և եթե դատաքննության ընթացքում պարզվի՝ մեզնից ով է պարոն Աշոտյանի լեզվով ասած իրավական առումով ապիկարը, նա թող այլևս որևէ ղեկավար պաշտոն չզբաղեցնի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԵՊԼՀ ռեկտորը այսօր հանդես է եկել համահունչ հայտարարությամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ