Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ստվերային տնտեսության դեմ կոշտ պայքար է մղելու, բայց ոչ ջարդել փշրելով, այլ` «ցիվիլ եղանակով»

Ապրիլ 12,2012 18:13

 

«Ոսկե սարերն» անպակաս են ԲՀԿ նախընտրական ծրագրում: Քանի որ չունենք ելք դեպի ծով, ռեսուրսներ եւ աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակում ենք, այս կուսակցությունը տնտեսական աճի կարեւոր պայման է համարում մեր երկրում ինովացիոն գործունեության զարգացումը: Ըստ ԲՀԿ-ի, տնտեսական աճը պետք է հիմնված լինի գիտելիքի ու նորարարությունների վրա:
Իսկ թե մի երկրում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, այսպես ասած, «ինտերնետաֆիկացված» է բնակչության ընդամենը 10-15 %-ն, ինչպե՞ս են պատրաստվում զարգացնել նանոտեխնոլոգիաները (գերժամանակակից), ԲՀԿ-ն այդ մասին լռում է: ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) կանաչ լույս ու ճանապարհ է խոստանում: Համոզված է, որ ՓՄՁ զարգացման համար նախեւառաջ պետք է վերացվեն խոչընդոտներն ու անհարկի սահմանափակումները, պետք է ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմաններն այս խավի «ստեղծագործական, նորարարական մտքի բացահայտման, դրա ներդրման ու պետական պաշտպանության գործունեության համար»:

Aravot.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն Ազգային ժողովում որեւէ նախաձեռնությամբ հանդես եկե՞լ է խոշոր սուպերմարքեթները մայրաքաղաքից արվարձաններ կամ ծայրամասեր տեղափոխելու, քանի որ, տնտեսագետների պնդմամբ, ՓՄՁ զարգացման առաջին խոչընդոտներից մեկը տասնյակ խոշոր սուպերմարքեթների առկայությունն է քաղաքում, կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ, պետական տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանն ասաց, «Ես խմբակցության անդամ չեմ եւ չգիտեմ նման նախաձեռնություն եղե՞լ է, թե՞ ոչ: Բայց խնդիրը դա չէ, չենք կարող միայն սուպերմարքեթի մասով օրենք ընդունել, բացի այդ, որպես մասնագետ, ես դեմ եմ, որ վարչական եղանակով արգելվի խոշոր սուպերմարքեթների գործունեությունը մայրաքաղաքում, պետությունը պետք է այնպիսի կարգավորիչ գործառույթներ անի, որպեսզի բիզնեսի շահութաբերությունը նվազ չլինի»:

Պարոն Մելքումյանը թվարկեց արդեն արած գործերը. «Եթե հիշում եք, մենք էինք, որ դեմ էինք կանխիկ դրամաշրջանառության սահմանափակումների մասին օրինագծին, մեր բանկային համակարգն այսօր պատրաստ չէ դրան»:

ԲՀԿ-ն իր ծրագրի սոցիալ-տնտեսական հատվածում խոստանում է նաեւ իջեցնել էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի սակագինը, սակայն ոչ մի բան չի նշում գազի մասին, այն դեպքում, երբ մեր բնակչության մեծ մասը գազ է օգտագործում:

«Գազի հարցը միջպետական խնդիր է, գազի գնի համար միայն կարող ենք ասել, որ կբանակցենք, գազի գինը անփոփոխ թողնելու համար: Թե չէ կառավարությունը չի կարող ասել, որ գազի գինը կիջեցնի, քանի որ այն ներկրում ենք: Իսկ էլեկտրաէներգիան մենք արտադրում ենք եւ ունենք ավելցուկային կարողություններ որ կարող ենք արտահանել»,- պարզաբանեց տնտեսագետը:

Մեր այն հարցին էլ, թե ի՞նչ նկատի ունեն ասելով, որ ստվերային տնտեսության դեմ «կոշտ պայքար ենք մղելու», եւ ԲՀԿ-ականի կարծիքով այսօր ովքեր են ստվերում, պարոն Մելքումյանն ասաց. «Թե խոշորները, թե փոքրերը: Ստվերային տնտեսություն ասելով նկատի ունենք սննդի արդյունաբերության, տեղական լայն սպառման ապրանքների արտադրությամբ զբաղվողներին հատկապես, մենք առաջարկում ենք ակցիզային դրոշմանիշերի նման պիտակավորեն նրանց արտադրանքը, եւ շրջանառությունն ամեն ինչ կբացահայտի: Կոշտ ասելով նկատի չունենք ջարդել-փշրելով այլ, այդ ամենն անելու ենք ցիվիլ եղանակով»:

Նշենք, որ պաշտոնական որեւէ տվյալ չկա, թե այսօր մեր տնտեսության քանի տոկոսն է ստվերում: Տարբեր տեղական փորձագետներ այդ մասով տարբեր հաշվարկներ են ներկայացնում` 40-80 %: Սակայն ԲՀԿ-ի տնտեսագետի համոզմամբ այսօր մեր տնտեսությունում ստվերը կազմում է 25-30 %:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30