Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների օգտագործումն այս կամ այն քաղաքական ուժին առավելություն տալու նպատակով

Ապրիլ 12,2012 17:45

Քաղաքացիական հասարակության ֆորումի

Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

–         Կարեւորելով 2012թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը մեր երկրի առաջադիմության համար,

–         ընդգծելով ընտրությունները հայ հասարակության ժողովրդավարական ձգտումներին եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը,

–         նկատի առնելով առաջիկայում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության ամրապնդման եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում նախատեսված բարեփոխումների իրականացման գործում,

–         գիտակցելով քաղաքացիական հասարակության պատասխանատվությունը ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ ընթացակարգերով անցկացնելուն աջակցելու գործում,

–         շահագրգռված լինելով Արեւելյան գործընկերության երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ջանքերի ակտիվացմամբ,

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է ընտրություններում ՔՀԿ-ների՝ որպես անկախ դիտորդներ հանդես գալը, ընտրական գործընթացների տարբեր բաղադրիչների մոնիտորինգում, ՀՀ քաղաքացիներին իրենց ընտրական իրավունքներին եւ պարտականություններին ծանոթացնելու գործում ՀԱՊ անդամների եւ ընդհանուր առմամբ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:

Մենք բնական եւ օրինաչափ ենք համարում, երբ հասարակական կազմակերպությունների առանձին ներկայացուցիչներ որոշում են մուտք գործել քաղաքական ոլորտ եւ առաջադրում են իրենց թեկնածություններն ընտրություններում:

Միաժամանակ, ՀԱՊ-ը՝

 

  1. նշում է, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունները բազմազան են եւ սկզբունքորեն չեն կարող աջակցել որեւէ կոնկրետ քաղաքական ուժի: ՀԿ-ներին անդամակցությունը չի կարող հիմնված լինել կուսակցական կողմնորոշումների վրա, եւ աջակցությանը վերաբերող հարցը չի կարող դրվել այդ կազմակերպությունների քննարկումների օրակարգում: Նշված սկզբունքները բխում են նաեւ ՀՀ օրենսդրությունից, որը հասարակական կազմակերպություններին արգելում է ուղղակիորեն ներգրավվել քաղաքական գործունեության մեջ: Հետեւաբար՝ ՀԿ-ներն իրավունք չունեն հայտարարել իրենց կողմից այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին աջակցության մասին,
  2. գտնում է, որ վերը նշվածը վերաբերում է նաեւ հայրենակցական միություններին, որոնց կողմից այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու մասին հայտարարությունները կարող են ներազգային, միջտարածաշրջանային երկպառակությունների հիմք դառնալ,
  3. բարեգործական հիմնադրամների օգտագործումը նախընտրական քարոզչության նպատակով՝ համարում է ոչ միայն գործող օրենսդրության կոպիտ խախտում, այլ նաեւ բարեգործության գաղափարի վարկաբեկում,
  4. ընդգծում է, որ հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչները, ովքեր թեկնածու են առաջադրվել խորհրդարանական ընտրություններում, հանդես են գալիս բացառապես անհատ անձերի կարգավիճակով, այլ ոչ թե՝ որպես իրենց կազմակերպությունների պատվիրակներ,
  5. պնդում է, որ իրենց թեկնածությունն առաջադրած ՀԿ-ների ներկայացուցիչները նախապես, բայց ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության ժամանակաշրջանի սկիզբը, ընդհատեն գործունեությունն իրենց կամ որեւէ այլ հասարակական կազմակերպությունում,
  6. անընդունելի է համարում տեղական եւ միջազգային կառույցների կողմից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների  օգտագործումն այս կամ այն քաղաքական ուժին, թեկնածուներին նախընտրական մրցակցությունում առավելություն տալու նպատակով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30