Ժամը 18-ին Երեւանի Մալաթի-Սեբաստիա համայնքում կմեկնարկի ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն ընտրողների հետ: Առավոտից Անդրանիկի արձանին հարող հրապարակը մաքրվում,կարգի է բերվում, համայնքում ՀՀԿ-ի գովազդային պաստառներն են թարմացվում:
Նախագահի այցի առիթով, այսօր համայնքի մանկապարտեզներում աշխատանքն ավարտվել է երկու ժամ շուտ: Ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում ծնողներին պատվիրում են անպայման ներկա գտնվել հավաքին: Նախագահի հետ հանդիպման են բերվում նաեւ տեղի պետական հատվածի աշխատողները, տեղացի ՀՀԿ-ական ակտիվիստներն իրենց հարեւան-ծանոթ-բարեկամների շրջանում «ակտիվ աշխատանք» են տանում:
Ի դեպ, արդեն երկու շաբաթ է, որ համայնքի դպրոցներում եւ մանկապարտեզներում անձնագրային տվյալներ են հավաքագրում՝ ՀՀկ-ի եւ մեծամասնական ընտրակարգով այս՝ թիվ 8 ընտրատարածքում, ՀՀԿ-ի կողմից մեծամասնական կարգով առաջադրված պատգամավոր Կորյուն Նահապետյանի օգտին: Վերջինս հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի փեսան է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ