Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան, «Կոռեկտ եմ խոսում, բայց մտքումս նույն տրամաբանությունն է իշխում»

Ապրիլ 12,2012 17:17

Գյումրիից բացի, այսօր Վանյանի դեմ բողոքի ցույց էր եղել նաեւ Երեւանում

Վերջին երկու օրերին Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նախաձեռնող Գեորգի Վանյանն ու դրա համար դահլիճ տրամադրելու համաձայնություն տված «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը դարձել են բոլորի թիրախը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն անգամ ասաց, որ «Վանյանի նման մարդիկ ապրելու իրավունք չունեն», բազմաթիվ վիրավորանքներ ու սպառնալից հայտարարություններ են հնչում Վանյանի եւ Բարսեղյանի հասցեին: Այս գործում առավել ակտիվ են ՀՀԿ Գյումրու տարբեր տրամաչափի գործիչները, իսկ սկանդալային քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր «աստեղային ժամն է» ապրում՝ «Վանյանը որ ձեռքս ընկավ՝ ականջները կտրելու եմ»,- մի հարցազրույցում ասել էր նա:

Aravot.am-ը փորձեց ՀՀԿ ղեկավարությունից ճշտել՝ չե՞ն պատրաստվում կարգի հրավիրել իրենց կուսակիցներին: Ի վերջո ընդամենը մի քանի գեղարվեստական ֆիլմ պետք է ցուցադրվի, համարժե՞ք է բարձրացված աղմուկը դրան կամ ինչո՞ւ համանման հիստերիա չառաջացավ, երբ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը մեկնում էր Բաքու՝ «Եվրանեսթ» գագաթաժողովին մասնակցելու համար: Պարզվում է, ՀՀԿ-ում այդքան էլ մտահոգ չեն վերջին զարգացումներով, անգամ անտեղյակ են:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, «Ես, իհարկե, ինֆորմացված չեմ՝ ով ինչ է ասել, ինչ չի ասել, բայց ես մերժելի եմ համարում նման իրողությունները»: ՀՀԿ-ականների, մեղմ ասած, ոչ կոռեկտ պահվածքը, Սահակյանը դատապարտում է, բայց  «Ես հիմա ձեզ հետ խոսում եմ, շատ կոռեկտ եմ խոսում, բայց մտքումս նույն տրամաբանությունն է իշխում: Այնպես որ, մարդ կա, որ զուսպ է, մտքում է պահում, չի արտահայտվում, մարդ էլ կա, որ երեւի հարցադրումն այնպես է լինում, որ մի քիչ կոպիտ ձեւակերպումներով են պատասխանում»:

Թե ինչպե՞ս կարձագանքի ՀՀԿ-ն իր կարկառուն ներկայացուցչի՝ Գյումրու քաղաքապետի արտահայտություններին, Սահակյանը չգիտե: Հավանաբար, որեւէ կերպ էլ չի արձագանքի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30