Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կավի գործած «հրաշքները». Կավն ապահովում է գեղեցկությունն ու առողջությունը

Ապրիլ 12,2012 17:42

Մարդը դարեր շարունակ մեծ նշանակություն է տվել կավին` օգտագործելով այն առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու նպատակով: Կավաբուժությունը համարվում է հին հայկական ավանդական բուժական մեթոդներից մեկը: ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնի վարիչ Մկրտիչ Ավագյանի խոսքով՝ կավաբուժությունը հատկապես վերջին տարիներին մոռացվել է. «Այսօր շատ քիչ բժիշկներ են կավը գործնականում օգտագործում: Կավով նոր դեղամիջոց պատրաստելու համարայն նախ պետք է ընդունի Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, այդ իսկ պատճառով սահմանափակվում ենք նրա արտաքին գործածությամբ»:

Իսկ ի՞նչն է կավին տալիս բուժական հատկություններ: «Կավը հարուստ է հանքային աղերով եւ միկրոէլեմենտներով, որոնք խիստ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Այն դարերի ընթացքում մաքրվում է և միկրոբներ չի պարունակում: Կավն իր մեջ պարունակում է կալցիում, մագնիում, երկաթ, ազոտ, ֆոսֆատ և այլն, որոնք շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Կավը հակատոքսիկ է, հակաբակտերիալ, հակաուռուցքային: Եվ այս ամենի հետ մեկտեղ՛ շատ օգտակար դեղամիջոց է»,-բացատրում է նույն ամբիոնի լաբորանտ Գոհար Մարտիրոսյանը:

Այսօր բժիշկների կողմից փորձեր են արվում վերականգնելու կավաբուժության ավանդույթները: «Կավը լինում է տարբեր գույների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին բուժական հատկությունները: Կապույտ կավը ակտիվացնում է արյան շրջանառությունը, էրիտրոցիտների առաջացումը, իմունային համակարգը, նյութափոխանակությունը, արագացնում է վերքերի եւ խոցերի ապաքինումը, սպիտակ կավը օգտագործում են աղիների քրոնիկ հիվանդությունների բուժման նպատակով: Կարմիր կավը` սրտանոթային հիվանդությունների, ոտքերի վարիկոզային, էնդոկրին հիվանդությունների դեպքում: Բացի այդ՝ կավն ունի նաև կոսմետոլգիական բացառիկ նշանակություն»,- ասում է Մկրտիչ Ավագյանը:

Կավը կարելի է ընդունել և օրգանիզմի մեջ, և արտաքին` քսուքների տեսքով:  Որքանո՞վ է ծանոթ մեր հանրությունը կավի «կախարդական» հատկանիշներին: «Երբևէ իմ առողջությունը չեմ վստահի ինչ-որ հողի: Ի՞նչ իմանամ՝ քանի կենդանի է տրորել այն»,-ասում է 21-ամյա ուսանողուհի Աննան: «Մի անգամ ոտքս վնասել էի: Տատիկս էլ «զապասով» կին դուրս եկավ, կավից թրջոց սարքեց, դրեց վրան: Անցավ-գնաց: Ոչ ցավ, ոչ մի բան»,-պատմում է 26-ամյա Արմանը:

Դեռևս հնագույն բժշկարաններում կան հիշատակություններ  կավի բուժական հատկությունների մասին: Նշվում է նաև կավի կոսմետիկ հատկությունների մասին: «Կավը մաքրում, ախտահանում է մաշկը: Այն կիրառվում է դիմակների տեսքով` դեմքի եւ ամբողջ մարմնի մաշկի համար, որից հետո  դեմքի մաշկը թարմանում է, առողջանում: Շատ օգտակար է հատկապես հոգնած, բարակ, թառամած մաշկի համար: Կոսմետոլոգիայի մեջ կիրառվում է հատկապես դեղին կավը»,-պատմում է մաշկաբուժության կենտրոնի կոսմետոլոգ Գայանե Եղիազարյանը:

Կավը հակացուցումներ չունի. այն կարող են օգտագործել ցանկացած տարիքի մարդիկ: «Վաղուց ծանոթ եմ կավի հրաշալի հատկություններին: Ես շատ անորակ եղունգներ ունեի, և ծանոթներիցս մեկի խորհուրդով, սկսեցի ձեռքերս կավի թրջոցների մեջ դնել: Մի քանի ամիս անց եղունգներս անհամեմատելի հաստացան»,-պատմում է տնային տնտեսուհի Թագուհին: «Հատկապես սպիտակ կավը անփոխարինելի միջոց է թուլացած, ջարդվող եղունգները ամրացնելու համար: Կանխում է մազաթափությունը եւ ամրացնում է վնասված-կոտրվող եւ հիվանդ մազերը: Ընդհանրապես ես գեղեցկության հետ կապված ցանկացած միջոցառում խորհուրդ կտամ անցկացնել բնական միջոցներով, իսկ քանի որ կավը հենց բնությունն է ստեղծում, այն կատարյալ միջոց է կորցրած գեղեցկությունը վերականգնելու: Ի դեպ նշեմ, որ կավաբուժության դիմում են նաև տղամարդիկ»,-ասում  է Գայանե Եղիազարյանը: Հարցազրույցի ժամանակ նա հենց իր հաճախորդներից մեկի դեմքին քսել էր դեղին կավից պատրաստված դիմակ: Ծածկված էր ամբողջ դեմքը, բացի աչքերի և քթի շրջանը:«Ընդհանրապես կավն ունի օգտագործման տեխնոլոգիա: Նախ այն չի կարելի պահել սառնարանում, հետո քսուքը պետք է պատրաստվի փայտե տարայում: Կավը ջրի հետ բացվում է 1:2 հարաբերակցությամբ: Նրանով կարելի պատել ամբողջ դեմքը, բացի աչքերի և քթի շրջանը, որպեսզի ծանրություն չառաջացնի, և օգուտի փոխարեն` վնաս բերի: Դեղին կավը թոշնած մաշկի համար խիստ օգտակար է, հեռացնում է թունավոր նյութերը եւ հատկապես չոր մաշկը հարստացնում է թթվածնով»,-մեկնաբանում է կոսմետոլոգը: Նշենք, որ «կավային» միջոցառումները բավականին մատչելի են, քանի որ մարդը օգտագործում է բնության բարիքը:

Նաիրա Վերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30