Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսենք անձայն կամ երբ մարմինն է խոսում մեր փոխարեն

Ապրիլ 12,2012 16:38

Դուք փողոցում հանդիպում եք Ձեր վաղեմի ծանոթին: Դուք ժպտում եք, նրան ձեռքով եք անում, թևերը լայն բացած մոտենում եք նրան, գրկախառնվում եք, համբուրում նրան: Մոտ մեկ րոպեում դուք ամենաքիչը հինգ ժեստ եք օգտագործում, որոնք արտահայտում են ձեր զգացմունքները:

Ցանկացած մարդ ունի իր «երկրորդ» լեզուն, որը ժեստերի, շատ հաճախ մարմնի լեզու կոչվածն է: «Բացի ամենօրյա հաղորդակցության լեզվից՛ կա նաև մարմնաշարժողական, այլ խոսքով` ժեստերի լեզու, որը մենք անվանում ենք համր լեզու, այն պատճառով, որ դա չի ուղեկցվում հոդաբաշխ խոսքով: Բայց այդ համր լեզուն շատ հաճախ ավելի խոսուն, բովանդակալից է լինում, քան մենք դա կարտահայտենք բառերով: Այդ յուրօրինակ լեզուն առնվազն երկու կարևոր ֆունկցիա ունի. դրա  միջոցով մենք շփվում ենք, հաղորդակցվում և մարմնաշարժումների միջոցով մենք արտահայտում ենք մեր տարաբնույթ հույզերն ու զգացմունքները»,-պարզաբանում է ժեստաբան-հոգեբան Հեղինե Մարտիրոսյանը:

Մարդը ծննդյան օրվանից տիրապետում է ժեստերի: Հոգեբանները ժեստ են անգամ համարում երեխայի ձեռքերի աշխույժ խայտանքները: Ցանկացած մասնագիտության մարդ ամեն օր հաղորդակից է դառնում բազմաբնույթ ժեստերի: Ժեստերի անբաժան ընկերներն են մարդու միմիկայի տատանումները: «Միմիկայի կամ դիմախաղի միջոցով մենք կարողանում ենք արտահայտել մեր բարձրագույն զգացմունքները` սերը, հրճվանքը, զարմանքը, հետաքրքրասիրությունը: Այն ոչ միայն արտահայտում է մեր հոգեվիճակը, այլև լայն տեղեկատվություն է տալիս մեր ներքին պրոբլեմների, հոգսերի մասին: Որպես կանոն` աչքերի և հայացքի միմիկան պետք է ուղեկցվի նաև մարմնի այլ հատվածների ժեստերով»,-ասում է Հեղինե Մարտիրոսյանը:

20 տարվա աշխատանքային փորձ ունեցող նախկին ուսուցչուհի Գայանե Անտոնյանը պատմում է, որ ինքը  կարդում էր բոլոր աշակերտների դեմքի արտահայտությունները: «Եթե երեխան նստած էր լինում հրճվանքով, աշխույժ, առանց աչքերը այս և այն կողմ փախցնելու, պարզից էլ պարզ էր դառնում. նա դասին պատրաստ էր եկել, իսկ եթե աշակերտը գրիչով խաղում էր, կամ ցույց էր տալիս, թե ինչ-որ խիստ կարևոր գործով է զբաղված, որ չի կարողանում գլուխը վերև բարձրացնել` նրա երկուսը պատրաստ էր»,-պատմում է տիկին Գայանեն:

Մարդկանց դիմավորում են ոչ միայն հագուստով, այլև նրանց ժեստորով: Ժպիտը, հոնքերի շարժումները, ոտքերի դիրքը` այդ ամենը ստեղծում է առաջին տպավորությունը և թողնում է իր հետքը հետագա շփման ժամանակ: «Ես գնում էի տեղավորվելու աշխատանքի: Կարդացել էի, որ հարցազրույցների ժամանակ պետք է շատ ժպտալ և ինքնավստահ և ազատ լինել: Դե ես էլ այդպես վարվեցի: Ամբողջ ընթացքում մի ընդարձակ ժպիտով, ոտքս ոտքիս գցած նստած` անընդհատ զրուցում էի կողքիններիս հետ: Հերթը հասավ ինձ և դպրոցի տնօրենն ինձ ասաց, որ իրենց պետք չեն ուսուցչուհիներ, ովքեր անգամ իրենց չեն կարող լռեցնել»,-պատմում 37-ամյա Լարիսան:

«Ցանկացած ժեստ, ինչպես և բառը, ունի իր ուղիղ և փոխաբերական իմասները: Օրինակ, երբ մարդը քորում  է ծոծրակը կամ ականջի ետևը: Ուղիղ իմաստը պարզ է, իսկ փոխաբերականը` նրան այդ պահին չի կարելի վստահել: Սակայն կան այնպիսի ժեստեր, որոնք հենց որոշակի նշանակություն ունեն, օրինակ եթե ձեր զրուցակիցը ձեռքերը խաչել է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին, ապա ձեր նկատմամբ թշնամաբար է տրամադրված»,-բացատրում է Հեղինե Մարտիրոսյանը, ով արդեն մոտ տասը տարի է ուսումնասիրում է իր հաճախորդների շարժուձևը:

Ժեստերը մեծ նշանակություն ունեն յուրաքանչյուր ոլորտում, սակայն հավանաբար դերասանների համար դրանց ճիշտ օգտագործման ունակությունը և նշանակությունը գերկարևորվում է:  «Ժեստ լատիներենից թարգմանվում է  որպես մարմնի շարժում, նշան կամ սիմվոլ, որն ունի իմաստ կամ նշանակություն: Դերասանների դեպքում ինֆորմացիան 90 տոկոսով փոխանցվում է ժեստերի և միմիկայի միջոցով, և երբ նրանք փորձում են կեղծել որևէ ժեստ, և դա վատ է ստացվում, գործ ենք ունենում դերասանական անորակ խաղի հետ»,-ասում է հոգեբան Հեղինե Մարտիրոսյանը:

«Երբ ընդունվեցինք Թատերական ինստիուտ, մեզ առաջին օրը բոլորը բարի գալուստի հետ մեկտեղ ասացին` երբեք անտեղի շարժում չանեք, իսկ ձեր դեմքը հայելու առջև ամեն օր մի նոր իրավիճակի վարժեցրեք»,-հիշում է նույն բուհի 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հակոբյանը:

Ամեն երկիր ունի մարմնի իր սեփական լեզուն: Ժեստերը, որոնք սովորաբար օգտագործվում են քո երկրում, կարող են այլ բան նշանակել հարևան երկրում: «Ես ընկերոջս հրավերով ամռանը գնացել էի Հունաստան: Մի օր քաղաքում զբոսնելու ժամանակ ընկերոջս հետ ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվեցինք, և ես ամերիկյան համաձայնության նշանը ցուց տվեցի: Այդ օրը ես և ընկերս հույն երիտասարդների կողմից մի լավ դաս ստացանք: Պարզվեց` այդ նշանը նրանց մոտ նշանակում է համասեռամոլություն>>,-պատմում է ապագա դիվանագետ Արամը:

Նույն այդ «OK»-ի նշանը Ֆրանսիայում, Բելգիայում, նշանակում է ստորություն, ոչնչություն, իսկ Բրազիլիայում խոսքի լարվածության մասին է գուշակում:

Ամենօրյա գործածական ժեստերը ունեն նշանակության տարբեր խմբեր: «Ժեստերը լինում են երախտագիտության, քննադատության, ձանձրույթի, հոգատարության, կասկածի, հպատակության և այլն: Շատ հաճախ հենց ժեստը ավելի հեշտ կարող է փոխանցել միտքը, քան  երկար մի բառը: Ի դեպ` մարդիկ որոշակի ժամանակ իրար հետ շփում ունենալուց հետո, սկսում են իրար հասկանալ անձայն: Դրանք ժեստերի և միմիկայի շնորհքն են»,-պարզաբանոմ է Հեղինե Մարտիրոսյանը:

Մարմնի լեզվով են շփվում և հաղորդակցվում տեսողական և լսողական խնդիներ ունեցող անձինք: Նրանց այբուբենը կառուցվում է հիմնականում մատների շարժումների միջոցով: Այսօր աշխարհում կա մատների 40 տարբեր այբուբեններ:

Ուսումնասիրել մարմնի լեզուն կարող է ցանկացած ոք, քանի որ մեզանից յուրաքանչյուրը տիրապետում է դրան: Ապացուցված է, որ մարդիկ ինֆորմացիայի 70 տոկոսը ընկալում են հենց աչքերով, իսկ խոսքերը, որոնց բոլորս տալիս ենք այդքան մեծ նշանակություն, փոխանցում են խոսքի իմաստի 7%-ը, ձայները և ինտոնացիաները կրում են իմաստի 38%-ը, իսկ ժեստերը և միմիական` 55%-ը:

Նաիրա Վերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30