Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օսկանյանն ու Աշոտյանն ակտիվ են Facebook-ում, Զոհրաբյանի պատն էլ փակ էր (Տեսանյութ)

Ապրիլ 12,2012 16:25

Այսօր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը «Հայելի» ակումբում ներկայացրեց «Facebook-ը որպես նախընտրական հարթակ Հայաստանում» թեմայով ուսումնասիրության արդյունքները:

Տիկին Բաղդասարյանը փաստեց որ Facebook-ում գնալով մեծանում է հայաստանցի պատգամավորների, քաղաքական գործիչների թիվը: Մարտի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի թիվը 290840 է, ինչը մոտ 2/3-րդն է Հայաստանում լայնաշերտ ինտերնետից օգտվողների քանակի: Բանախոսի ասելով, 290840 օգտատերերը հայաստանցիներ են կամ նրանց միավորումները, որոնք, այսպես թե այնպես, ապրում են Facebook-ում, այսինքն՝ ստացվում է, որ դրանք ըստ էության այս խորհրդարանական ընտրությունների ընտրողներն ու ընտրվողներն են: Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ Facebook-ում բավական ակտիվ են նույնիսկ այն կուսակցությունները, որոնք ըստ էության քարոզչական հավելյալ միջոցների անհրաժեշտություն չունեն: «Օրինակ՝ ՀՀԿ-ն, որին սպասարկում է միանգամից մի քանի հեռուստաընկերություն, ԲՀԿ-ն, որին սպասարկում է «Կենտրոն» TV-ն, ՀՅԴ-ն, որը ըստ էության ունի «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ հեռուստաընկեորւթյունները մինչեւ վերջերս համարվում էին Հայաստանում քարոզչական ժամանակահատվածի ամենահզոր միջոցները»,-ասում է տիկին Բաղդասարյանը:

Նրա համոզմամբ, այն հանգամանքը, որ Facebook-ում անցյալ աշնանից սկսած՝ սկսեցին գրանցվել բազմաթիվ կուսակցություններ, պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ, ազդանշան է այն բանի, որ այս խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն առաջինը Հայաստանի ընտրական գործընթացների պատմության մեջ, որտեղ Facebook-ը շատ լուրջ քարոզչական դերակատարություն է ստանալու՝ նշանակությամբ եւ ազդեցությամբ գերազանցելով այնպիսի հզոր միջոցի, ինչպիսին հեռուստատեսությունն է: «Facebook-ի առավելությունը հեռուստատեսության համեմատ այն է, որ այստեղ չկան այնպիսի հասկացություններ, ինչպես չափից շատ տեղեկատվությունը, կոպիտ քարոզչություն եւ այն ամենը, ինչը բնոորշ է դասական ԶԼՄ-ներին… Facebook-ը «բաց» հարթակ է կուսակցությունների համար, որտեղ նրանք կարող են ցանկացած չափի քարոզչություն վարել իրենց մշտական օգտատերերի հետ եւ դրա դիմաց չվճարել ոչինչ»,- փաստում է «Ռեգիոնի» տնօրենը: 

Ուսումնասիրվել են ոչ միայն 1in.am, Tert.am, News.am, Zham.am, 7or.am լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը, այլեւ կուսակցությունների եւ առանձին գործիչների: Առավել ակտիվ գործունեություն են ծավալել ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը, ՀՀԿ պաշտոնական էջը, ՀՅԴ-ից՝ Լիլիթ Գալստյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից՝ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանն ու Կարապետ Ռուբինյանը: Ըստ տիկին Բաղդասարյանի, ՕԵԿ-ը պասիվ է Facebook-ում, կոմունիստները՝ չկան: Նրա տեսանկյունից՝ ԲՀԿ-ից ակտիվ են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը եւ ԲՀԿ պաշտոնական «պատը»: ՕԵԿ-ից Facebook-ում ներկայացված չէ Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը մինչեւ վերջերս ուներ «փակ պատ», իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի պատը ակտիվ է, բայց ավելի շատ պաշտոնական բնույթի է, որտեղ ոչ մի երկխոսություն չկա, եւ ընդամենը նյութեր են «կախվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30