Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստները ինչպես մտան Բեռլին, այնպես էլ գնում են դեպի մայիսի 6-ի ընտրություններ

Ապրիլ 12,2012 16:08

«Ժողովուրդ, շտկիր մեջքդ, նայիր դեպի սոցիալիստական Հայաստանի վերածնում», «Փրկենք մեր ժողովրդին այս մարդակեր համակարգից», «Կոմունիստների հաղթանակը, ժողովրդի հաղթանակն է»: Այսպիսի կոչերով այսօր Վետերանների միությունում տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) հանդիպումը վետերանների և կուսակցական ընկերների հետ: Հանդիպումը հիշեցնում էր խորհրդային ժամանակաշրջանի ժողով, որի ընթացքում գովերգվում էր Խորհրդային Միությունը, այնտեղ գոյություն ունեցող բարքերը: Մի տեսակ կարոտախտի տրամադրություն էր տիրում: Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը կուսակցական ընկերներին, որոնց շարքերում բացառապես միջինից բարձր տարիքի անձինք էին, ներկայացրեց ՀԿԿ-ի նախընտրական 20 կետից բաղկացած ծրագիրը: Դրանով կոչ էր արվում վերանայել ՀՀ Սահմանադրությունը, կրճատել ներկրումները և խթանել արտահանումը, ամբողջովին վերանայել հարկային օրենքները, բարձրացնել ԱԺ պատգամավորի պատասխանատվության աստիճանը, դեմքով շուռ գալ դեպի գյուղը, օրենսդրորեն ամրագրել, որ հողը համաժողովրդական սեփականություն է, հիմնովին վերանայել մշակույթի ներկա վիճակը, աստիճանաբար անցնել անվճար բնակարան տրամադրելու համակարգին, ուշադրության կենտրոնում պահել սովետական կրթական համակարգը և անցնել 10-ամյա կրթահամակարգին, նպաստել հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը:

Ռ. Թովմասյանն ասաց, որ իրենց համար ուղեցույց է սոցիալիստական Չինաստանը: Դառնալով մեր իրականությանը՝ ընկեր Թովմասյանը նկատեց. «Ծնվել են նորելուկներ, որոնք այս կուսակցությունից այն կուսակցությունն են վազում և հանդես են գալիս հակառուսական դիրքերից: Երևի մոռացել են սովետական անվճար կրթությունը»:

Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար Դոնարա Նալբանդյանն էլ անդրադարձավ խորհրդային հայ կնոջ կերպարին. «Խորհրդային Միության ժամանակ հայ կինը գրավում էր պետական պաշտոններ, ուներ իր ուրույն ներդրումը: Իսկ այսօր հայ կինը ոչնչացվել է, երևում են միայն իշխանությունների հետ բարեկամական, կամ հարազատական կապ ունեցող կանայք»:

Ընկեր Նալբանդյանը հավաքվածներին կոչ արեց՝ ինչպես ժամանակին որպես մեկ բռունցք մտել են Բեռլին, այնպես էլ գնան դեպի մայիսի 6-ի ընտրություններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30