Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանը Aravot.am -ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է շտաբներ վարձակալելու հարցով օգնել նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանին, որը վարձակալելու առումով խոչընդոտների է հանդիպում:
Պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ կընդունի՞ պարոն Հայրապետյանի առաջարկը. «Շնորհակալ եմ առաջարկի համար, առաջարկը կքննարկենք, որովհետեւ երեկ առավոտյան եւս մեկ տարածք էին համաձայնություն տվել վարձակալության տալ, բայց երեկ երեկոյան հրաժարվեցին: Եթե անգամ միտում էլ չտեսնեմ, ապա քաղաքականություն տեսնում եմ: Ակնհայտ է՝ երկու ամիս առաջ զբաղեցնել բոլոր տարածքները, որ մրցակիցը որեւէ կերպ հնարավորություն չունենա: Այս պարագայում չենք էլ ուզում ծանրանալ դրա վրա: Բուկլետներ պետք է բաժանենք, դա կարող ենք անել կուսակցության ավտոբուսներով: Արտառոց ու անբացատրելի իրավիճակ է ստեղծվել»: Պարոն Սաֆարյանն ասաց, որ մրցակցի առաջարկությունը բարձր է գնահատում, բայց. «Չեմ ուզում այդ խնդիրը լուծում ստանա այդ կերպ, երբ թեկնածուն ինքն է առաջարկում: Կուզենայի, որ չլինի մի միջավայր, երբ տարածք ունեցող մարդիկ ասեին ՝ չէ, ընդդիմադիր կուսակցությանը չենք կարող տալ, վախենում ենք, չենք ուզում ավելորդ խնդիրներ ունենալ: Շտաբը տեխնիկական խնդիր է ու որեւէ բան չի ավելացնում կամ պակասեցնում իմ կյանքում: Ես ուզում եմ ունենալ այնպիսի երկիր, որտեղ մարդիկ չեն վախենում իրենց սեփական տարածքը սեփական կամքով վարձակալության տալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ