Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայհոյել է լրագրողին

Ապրիլ 12,2012 14:58

Պարզվում է՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մի հետաքննող լրագրողի կանչել է իր մոտ եւ մի լավ հայհոյել այն բանի համար, որ լրագրողը մի քանի սենսացիոն տեղեկություններ է հրապարակել մարզպետի` աշխատանքի ընթացքում տեղի ունեցած մութ գործերից: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Արդյունավետ համայնքային ծրագրի» ղեկավար Սառա Պետրոսյանը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե եղե՞լ են ձեզ կաշառելու դեպքեր, որպեսզի նրանց վերաբերյալ բացահայտած տեղեկությունները չհրապարակեք:

Սառա Պետրոսյանը բացի այս ծրագրի ղեկավարը լինելուց, նաեւ լրագրող է ու ներկայումս հետաքննում է մարզպետների, գյուղապետերի ու քաղաքապետերի կատարած աշխատանքները, մասնավորապես` գումարներն ինչպես են ծախսվում:

Ըստ Սառա Պետրոսյանի, այդ լրագրողը Չարենցավանի բնակիչ է, որն էլ մարզպետի սպառնալիքից հետո ստիպված է եղել աշխատանքը թողնել, քանի որ մտավախություն է ունեցել, որ մարզպետը ընտանիքի հետ էլ հաշվեհարդար կտեսնի: Ծրագրի ղեկավարը ներկայացրեց իրենց հետաքննության արդյունքները: Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, ըստ ծրագրի պատասխանատուների, բավականին անկանոն վիճակ է եղել հարկերի մուծման ու ֆինանսական ծախսերի մասով. «Ամենապարզ հաշվարկներից սկսած՝ մարզպետներն այնպիսի ստեր են հորինում, միայն թե խուսափեն հարկերի պարտաճանաչ վճարումից: Հատկապես սոցիալական ծրագրերի անվան տակ են գումարները դուրս գրում ու սեփական հարազատների կարիքները հոգում»:

Տիկին Պետրոսյանի խոսքերով, իրենք ստիպել են համայնքապետերին եւ գյուղապետերին, որպեսզի նրանք ունենան սեփական կայքէջերը՝ հասարակության համար թափանցիկ լինելու համար: Սակայն այդ կայքերը դեռեւս թափանցիկ չեն աշխատում: Այս ծրագրի նպատակներից մեկն էլ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկության ապահովումն է:

«Իսկ առաջիկայում շատ ավելի կարեւոր հարց է ծառացած, տարբեր մարզերում կան այնպիսի համայնքներ, որոնք ունեն ընդամենը 4 ընտանիք, այսպիսի համայնքների միավորման խնդիրն է շատ կարեւոր, որ դեռեւս ոչ ոքի չի մտահոգում»,- նշեց Սառա Պետրոսյանը՝ հավելելով, որ ավագանիների աշխատանքը կանոնակարգել է պետք, թե չէ գյուղերում ընտանիքի անդամներով են ավագանիներ դառնում ու բացի իրենցից, ոչ ոք ոչնչից տեղյակ չի լինում:

Սյուզաննա ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30