
1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին: Ներքին իրավական ակտերը, մասնավորապես, “Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերահանձման և կուրսի կրկնության կարգը”, “ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը”, “ԵՊԼՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման լրամշակված կարգը”, “ԵՊԼՀ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը”, հակասում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Օրինակ, ՀՀ օրենքներով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձև, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում և իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու /դիպլոմ չտալու/ դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո և երկու անգամից ոչ ավելի: Վերջինս ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում և սահմանափակում է:
2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձևակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ, կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձևակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է ևս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն` առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի:
3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետևանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ, անգլերեն լեզու և երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ: