Նախկինում տեղեկացրել ենք, որ սամբո ըմբշամարտի խմբի գործունեության հետ կապված հակամարտության պատճառով՝ իր դիմումի համաձայն հրաժարական է տվել Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի փետրվարի 1-ի որոշումով՝ Սեւքարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակել այդ դպրոցի ուսուցչուհի Մարուսյա Բալասանյանը, մինչ որ մրցույթով զբաղեցվի տնօրենի թափուր պաշտոնը:
Սակայն Սեւքարի դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Սեւքարի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ գյուղի դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Թանանյանն իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու պահանջով ստորագրություններ է հավաքում դպրոցում եւ գյուղում:
Դպրոցում այդ կապակցությամբ լարվածություն է ծագել, ուսուցչուհիները հնարավորինս փորձում են խուսափել դիմումի տակ ստորագրելուց, մանկավարժական կոլեկտիվի 40 անդամներից մոտ 15-ն են ստորագրել:
Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը մեր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել Նաիրա Թանանյանի օգտին ստորագրություններ հավաքելու գործընթացի մասին: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ հինգ օր առաջ մամուլում պետք է հայտարարություն տպագրված լիներ Սեւքարի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի մասին՝ ընդսմին չնշելով, թե որտեղ է տպագրվել այդ հայտարարությունը:
Կարդացեք նաև
Բազմիցս փաստերով նշել ենք , որ Տավուշի մարզի դպրոցներում խախտվում է դպրոցների տնօրենների պաշտոնակատարների նշանակման կարգը, սակայն մեր հրապարակումները անարձագանք են մնացել ԿԳՆ-ի կողմից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ