Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փնտրվում է ռեժիսոր

Ապրիլ 12,2012 13:54

Միքայել Պողոսյանի դստեր համար

Ճանաչված դերասան, ռեժիսոր, սցենարիստ Միքայել Պողոսյանի դուստրը՝ Ազգային օպերային թատրոնի բալետի արտիստ Մարիաննան, անցել է հորը՝ դառնալով իսկապես բացառիկ երեւույթ՝ մասնագիտությունների «մասով»: Մասնագիտությամբ  իրավաբան, քաղաքագետ, միջազգայնագետը ավարտելով Երեւանի Ֆրանսիական համալսարանը եւ ստանալով բակալավրի աստիճան՝ ուսումը շարունակել է Նյու Յորքի Utica College-ում,  այնուհետեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում: Նա  երեք լեզուներով (ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն) պաշտպանել է մագիստրական թեզը՝ «Երջանկությունը համադրելով համախառն ներքին արդյունքին» թեմայով: Այս աշխատությունը հավանության է արժանացել գերմանական  «Lam Bert» ակադեմիական հրատարակչության կողմից, որն էլ պատրաստվում է առաջիկայում այն տպագրել: Այս  ամենին զուգահեռ, Մարիաննան 19 տարեկանում սկսել է մասնավոր բալետային դասեր առնել՝ օպերային թատրոնի մենապարուհի,  Մարիա Դիվանյանի ղեկավարությամբ, իսկ 21-ում՝ վոկալի դասեր՝ օպերային թատրոնի մեներգչուհի Լիլիթ Հակոբյանի մոտ: Մարիաննա Պողոսյանը զբաղված է օպերային թատրոնի խաղացանկի բալետային բոլոր ներկայացումներում, իսկ իբրեւ մենապարող նրան հանդիպել ենք Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում՝ Աննայի տեսիլքի մենապարի ու Ս. Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացման մեջ՝ փոքր մենապարերով: Իբրեւ երգչուհի, նա դեռ հանդես չի եկել ոչ մի ներկայացումում: Ունեցել է ընդամենը երկու մենահամերգ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, հանդես գալով դասական, ջազ եւ շանսոն կատարումներով: Ժամանակին «Նարեկացի» արվեստի միությունում «Երկնային թիթեռներ» խորագրով արվեստագետը ներկայացել է իր ֆոտոհավաքածուով եւ սեփական դաշնամուրային մանրանվագներով: Ի դեպ, Մարիաննան երիտասարդ ստեղծագործողների «Նարեկացի» մրցույթի 2005թ. հաղթողն է:

Օրերս «Առավոտը» լուր ստացավ, թե Մարիաննա Պողոսյանը վերադարձել է Փարիզի Grand opera-ի՝ Atelier lyrique կողմից անցկացվող ամենամյա մրցույթից: Մեր հանդիպման ժամանակ երիտասարդ արվեստագետը հայտնեց, որ 400 մասնակից պայքարում էին մրցանակային 3 տեղի համար, ու թեեւ իրեն չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ, բայց ստացել է Նիսի պետական կոնսերվատորիայի ավարտական կուրսում սովորելու առաջարկ:

Հարցին, թե, ի վերջո, ո՞ր մասնագիտության «հետեւից է գնալու», Մարիաննան ասաց, որ արվեստը 2009-ին հաղթեց իրավաբանությանն ու մյուսներին, երբ ինքն ընդգրկվեց օպերային թատրոնի բալետային խմբում: «Ունեմ մեկ երազանք՝ գտնել ռեժիսոր, ով կհամատեղի հանրահայտ «Կարմենի» օպերային եւ բալետային տարբերակները»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը՝ ծնողները ի սկզբանե ողջունե՞լ են դստեր՝ իրավաբանությունից մինչեւ արվեստի մասնագիտությունների ընտրությունը, Մարիաննան ասաց. «Ըմբռնումով են մոտեցել»: Ռեպլիկին՝ հավանաբար երիտասարդ արվեստագետին ժամանակ չի մնում «անձնական» մասնագիտության համար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ժամանակ կա, ուղղակի արքայազն չկա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30