Օրերս Աշտարակի մշակույթի տունը հարստացավ ուշագրավ մի հավաքածուով՝ քաղաքին ի պահ հանձնվեցին վաղամեռիկ ճարտարապետ Էմին Հակոբյանի 16 ակվարել աշխատանքները՝ ճարտարապետի զարմուհու, փարիզաբնակ նկարչուհի Եվգենյա Սարգսյանի կողմից: Նախաձեռնությանն աջակցել են ճարտարապետներ՝ ճարտարապետության դոկտոր Կարեն Բալյանն ու «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը: Աշտարակ քաղաքին հանձնված Էմին Հակոբյանի աշխատանքներն արժեքավոր են ոչ միայն որպես ջրաներկով արված կատարումներ, այլեւ նրանով, որ այսօր ձեռք են բերել վավերագրական արժեք. դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել 40-50-ականների Աշտարակի եւ շրջակա գյուղական տեսարանների մասին՝ 18-19-րդ դարերից պահպանված ժողովրդական տների հիանալի օրինակների միջոցով: Դեռեւս 1998 թվականին հավաքածուն Աշտարակ քաղաքի հասարակությանն էր ներկայացվել «Հին Աշտարակ» խորագրի ներքո կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում:
Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը ներկաներին եւ նախաձեռնության հեղինակներին վստահեցրեց, որ Էմին Հակոբյանի հավաքածուն մոտ ապագայում տեղ կգտնի Մշակույթի տան շենքում կազմակերպված «Էմին Հակոբյան» սրահում:
ԱՐԱՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ