Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի մերձավորը «դարի հայտարարություն» կանի

Ապրիլ 12,2012 13:43

«Այսքան տարի նստել եմ, որ անուն տա՞մ»

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հիշեցրեց, որ այս տարվա հունվարին ավարտվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Գ. Վարդապետյանի նախագահությամբ) իր դիմումի քննությունը:

Նրա դիմումը թե՛ ընդհանուր իրավասության դատարանը, թե՛ ՀՀ վերաքննիչը քննության են առել. վիճարկվել էր Տեր-Սահակյանի ազատազրկման օրինականության հարցը:

Ա. Տեր-Սահակյանը 15 տարի է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա դատապարտվել էր պատժի առավելագույն չափի՝ զինված խմբի միջոցով ահաբեկություններ կատարելու համար: Արմեն Տեր-Սահակյանը հանրապետության ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մերձավորագույն շրջանակներից էր, «Հայոց համազգային շարժում» կուսակցության ակտիվիստներից:

«Իմ նկատմամբ կատարվել է մեծ անարդարություն եւ օրենքի խախտումներ: ՀՀ քրօրի 34-104, 37-104 հոդվածներով ինձ կարող են դատապարտել տարիներով եւ ոչ թե առավելագույն պատժի չափով»:

Արմեն Տեր-Սահակյանը տասն օր առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա ընդունելություն կազմակերպի եւ մինչեւ ապրիլի 16-ը տվել է ժամանակ՝ իր գործի վերանայման համար:

«Ես քննություն եմ պահանջում, քանի որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Ես ուզում եմ, որ իմ գործն ուղարկվի քննչական խումբ: Մինչ օրս դատախազին ուղարկած դիմումիցս տեղեկություն չկա: Սպասում եմ նրա արձագանքին: Նրանք չեն կարող չգալ: Շատ լուրջ հանգամանքներ են»,- ասում է Ա. Տեր-Սահակյանը:

«Ես ունեմ բացառիկ ձայնագրություններ: Վաղուց արված: Չեմ բացառում՝ ուղարկվեն դեսպանատներ, ընդդիմությանը, ինտերնետ»,- հավելում է նա:

Ի դեպ, մինչ «Առավոտի» հետ հեռախոսազրույցը, Տեր-Սահակյանին երեկ այցելել էր նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անժելա Կարապետյանը:

Ըստ Տեր-Սահակյանի, իրեն դատել են նաեւ հանցագործության պարտակման, հանցագործությանը մասնակցելու հոդվածով, որի պատժաչափը 12 տարի է: «Իրենք քիլլեր են: Քիլլեր ասելով՝ նկատի ունեմ, որ դատարանները պետական զակազ են կատարում: Ինձ վրա դրել են դաժանաբար սպանություն հոդվածը: Սակայն ես սպանության մասնակից չեմ եղել, ես տանը քնած, ոնց են ինձ վրա այդ հոդվածը դրել: Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի: Ես հիմա բողոքել եմ վճռաբեկ դատարան: Մինչ այդ պահանջում եմ, որ իմ գործի հետաքննության հարցը Աղվան Հովսեփյանը կամ նրա կողմից ուղարկված քննչական խումբը իրականացնեն, քանի որ լուրջ ասելիք ունեմ: Եթե չգան, իմ ասելիքը կլինի շատ սենսացիոն, դարի հայտարարությունը կլինի, հայ ազգի համար»,- ասաց Ա. Տեր-Սահակյանը:

Ցմահ դատապարտվածի որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում, աղջիկը ճարտարագիտական համալսարանում է սովորում:

Արմեն Տեր-Սահակյանը նաեւ ասաց. «Իմ փաստաբանն այսօր ինձ տեսավ, ես շատ լավ եմ, առողջ վիճակում: Եթե իմ կյանքին մի բան պատահի, ուրեմն դա գալիս է իշխանություններից»:

Մեր այն հարցին, թե արդյոք ընտրությունների հետ կապված իրեն դիմե՞լ են, «բանակցություններ» եղե՞լ են իշխանական թեւի հետ, պատասխանեց. «Իշխանական թեւի հետ ես բանակցություններ ունեցել եմ 2008թ.-ին: Եկան ինձ մոտ: Ես ասացի՝ հաջողություն, դուք ձեր քաղաքական պայքարը շարունակեք: Ես քաղաքականությունից դուրս եմ: Ես չեմ խառնվում ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական պայքարին, ոչ Սերժ Սարգսյանի ընտրական արշավին: Ես կյանքում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Ես ասել եմ՝ գնացեք ձեր պայքարը շարունակեք առանց ինձ: Եթե ես խառնվեի, կխառնվեի 15 տարի առաջ, երբ ինձ ասում էին՝ անուն տուր, գնա տուն: Այսքան տարի նստել եմ, որ անուն տա՞մ»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30