Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թեկնածու չունե՞ք, ասեք՝ թող գա, ձեր գազը քաշի»

Ապրիլ 12,2012 13:41

Սարալանջի գյուղապետին այսպիսի խորհուրդ տվեց ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը

Ընտրությունների նախաշեմին Սերգո Կարապետյանը Գյումրի էր եկել ոչ թե սեփական կուսակցության քարոզարշավն անելու շիրակցի գյուղապետերի մոտ, այլ ցույց տալու, թե ինչքան լավ է աշխատել հայրենի կառավարությունը, մասնավորապես՝ իր ղեկավարած գերատեսչությունը. կարողացել են դեմքով շուռ գալ դեպի գյուղացին: Մինչ նախարարը թվարկում էր ձեռքբերումներն ու խոսում այն մասին, որ կարողացել են գյուղացու հոգսը թեթեւացնել եւ 80-90 դրամի փոխարեն՝ կաթի մթերումը բարձրացնել-հասցնել 150 դրամի, դահլիճում նստած 118 գյուղապետերը մեծ աղմուկ բարձրացրին եւ Սերգո Կարապետյանին քաղաքավարի ստախոս հանեցին:

«Հարգելի նախարար, էդ ի՞նչ եք ասում, կաթը մեզանից նորից սկսել են էժան գներով տանել, ի՞նչ 150 դրամից եք խոսում»,- միաբերան բացականչեցին գյուղապետերը: Նախարարը մեղքն անմիջապես գցեց գյուղապետերի վրա, որոնք, ըստ նրա, վստահում են միջնորդներին, արդյունքում դարձյալ գին է բարձրանում:

«Ձեր միջնորդները ձեր գյուղացիներն են, այնպես արեք, մի թույլ տվեք փող աշխատեն, էժան գնով են տանում, կաթը մի տվեք»,- խորհուրդ տվեց նախարարը: Գյուղապետերը նորից սկսեցին հակադարձել նրան. «Նման միջնորդներ չկան, էս ի՞նչ եք ասում, ձեզ տեղեկացնում ենք, որ մթերման գները համատարած էժանացել են, կաթը 110 դրամով են տանում, դուք միջնորդների՞ց եք խոսում, բա կաթը որ չտանք, ի՞նչ անենք, տանենք, թանգարան դնե՞նք»:

Մթերումից անցան շատ ավելի հետաքրքիր թեմաների. նախարարը ձեռքբերում համարելով Կոմիտաս փողոցի վրա գյուղատնտեսական շուկայի ստեղծումը՝ տեղեկացրեց, որ հիմա այն ժամանակավորապես փակել են, սակայն գյուղացիք ու քաղաքացիք նամակ են գրում, խնդրում նորից բացել: Սերգո Կարապետյանը մեծ ձեռքբերում համարեց նաեւ Գյուղատնտեսի օրը պաշտոնապես նշելը՝ հիշեցնելով, որ խորհրդային տարիների փլուզումից հետո այդ օրն էլ էին մոռացել: Ձեռքբերումների մեջ, իհարկե, կար նաեւ Զատկի տոնի կապակցությամբ ձվի առատ լինելը: Շատ ու շատ թեմաներից խոսեց գյուղնախարարը, սակայն ամենաանկեղծը գյուղապետերի հետ նրա հարց ու պատասխանն էր:

Հարթաշենի գյուղապետը նախարարին հարցրեց. «Հարգելիս, խայտառակ բան է կատարվում, գյուղտեխնիկայի մի կտոր երկաթը ոսկու գնից թանկ է, վերջը՝ խիղճը լավ բան է, չէ՞»: Նախարարը ծիծաղեց. «Էդ անխիղճն էլ ես էի, հա՞»: Գյուղապետը շարունակեց. «Դուք բոլորին վերահսկում եք, չե՞ք կարող վերահսկել, որ տեխնիկան չթանկանա, մի հատ գնացեք Գյումրու շուկա, տեսեք…»: Գյուղապետի խոսքը ընդհատեց Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը՝ գյուղապետին նրբորեն հասկացնելով վերջ տալ խոսակցությանը. «Հասկացանք, որ թանկ է, հիմա որ 3 անգամ ասեցիր, գինն իջա՞վ»: Սարալանջի գյուղապետն էլ ոտքի կանգնեց ու անկեղծացավ. «Հարգելի նախարար, մեր գյուղը գազիֆիկացված չէ, ի՞նչ պիտի լինի վերջը», եւ մինչ նրա գործընկերները վրա կտային, թե՝ «այ ախպեր», գյուղնախարարն ի՞նչ կապ ունի գյուղի գազիֆիկացման հետ, Սերգո Կարապետյանն անտրտունջ պատասխանեց. «Չեմ հասկանում, ձեր մոտից թեկնածու չկա՞, գնացեք ձեր թեկնածուին ասեք՝ թող գյուղը գազիֆիկացնի»: Գյուղապետերից մեկին էլ անհանգստացնում էր այն, որ պետությունը անտեսել է մսամթերքի մթերումը, եւ այն կազմակերպում են «ժուլիկները»՝ մեծ շահույթ ստանալով: Նախարարը գյուղապետին բացատրեց, որ դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ, թեեւ պետությանը շատ է անհանգստացնում սննդամթերքի անվտանգության հարցը՝ անասուններին բակերում են մորթում, միջնորդներն էլ գալիս, միսը տանում են, սակայն, ըստ նախարարի, մթերելու դեպքում հազար փաստաթուղթ կպահանջվի անասունի տիրոջից: «Եթե լուծենք սպանդանոցների հարցը, ուրիշ հարցեր եւս առաջ կգան, մինչեւ սպանդը՝ պիտի հաշվվի գլխաքանակը, ինչպես մարդն ունի անձնական քարտ, այդպես էլ անասունը պիտի ունենա, պիտի ֆիքսվի՝ ինչ հիվանդություն է ունեցել, ինչի դեմ է պատվաստվել, իսկ սա ծախսատար է, մտնում է ինքնարժեքի մեջ, ինչն էլ իր հերթին կնպաստի մսի գնի թանկացմանը: Այս հարցը պիտի աստիճանաբար լուծել»,- հանգամանալից բացատրեց նախարարը: Ի դեպ, նա ասաց, որ պատրաստ է բոլոր գյուղապետերի հետ համագործակցել, շեշտեց, որ իր հեռախոսահամարը շատերի մոտ կա, եթե ուզում են իր հետ հանդիպել, թող նախապես զանգեն, եթե անգամ չզանգեն ու հանպատրաստից գան, ոչինչ՝ իր դռները բոլորի առաջ բաց են:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30