Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անվճար գազ, ջուր, էլեկտրաէներգիա

Ապրիլ 12,2012 13:36

ՀՅԴ-ն այս լիառատ խոստումներից բացի՝ նաեւ մատչելի բնակարաններ է խոստանում

Նախընտրական այս օրերին քաղաքական կուսակցությունները ժողովրդի քվեն ստանալու համար ինչ հեքիաթներ ասես, որ չեն պատմում: Գրեթե բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրով խոստանում են բարձր աշխատավարձեր, տարեցներին՝ անհոգ ծերություն ու բարձր կենսաթոշակ, մանուկներին՝ խաղաղ երկինք, երիտասարդներին՝ աշխատանք ու մատչելի կրթություն, կարճ ասած՝ իդեալական պետություն:

Թեկնածու կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ ետ չի մնում մեր երկրի համար «ֆանտաստիկ» խոստումներ տալուց: Կուսակցությունը խոստանում է, որ վարկային տոկոսադրույքները չեն գերազանցի 8-10%-ը, այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ներգրավված նպատակային վարկային միջոցները առեւտրային բանկերին եւ վարկային կազմակերպություններին կտրամադրեն առանց հավելյալ տոկոսադրույքի: Իսկ գործարար միջավայրի համակրանքը շահելու համար էլ ՀՅԴ-ն Երեւանից 30 կմ հեռավորության վրա գտնվող ձեռնարկություններին, որոնք արդյունաբերական եւ գյուղամթերքների վերամշակումով են զբաղվում, պետության հաշվին կապահովի էլեկտրաէներգիայով, գազով ու ջրով: Այս կուսակցության նախընտրական ծրագրում մեկ այլ ուշագրավ առաջարկ էլ կա. ՀՅԴ-ն որոշել է լուծել մեր երկրի բնակարանային կարիք ունեցողների խնդիրը:

Ըստ կուսակցության ծրագրի՝ նախատեսվում է յուրաքանչյուր տարի 5-6 հազար սոցիալական բնակարանների շինարարություն կատարել՝ համաֆինանսավորմամբ: Այսինքն՝ նման բնակարանների շինարարության մեջ կներգրավվեն թե՛ պետական, թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների եւ թե՛ հիմնադրամների ֆինանսները:

ՀՅԴ կուսակցության անդամ Արա Նռանյանը «Առավոտի» հետ զրույցում մանրամասնեց ծրագրի այս դրույթը: Ըստ Ա. Նռանյանի՝ իրենք մի լավ ուսումնասիրել են միջազգային փորձը, այնուհետեւ այն տեղայնացրել ու համապատասխանեցրել մեր քաղաքացիների եւ երկրի պահանջներին. «Տարիներ շարունակ մենք իրականացրել ենք շինարարություն, որը չի համապատասխանել մեր քաղաքացիների գնողունակությանը: Կան բնակարաններ, որոնք չեն համապատասխանում քաղաքաշինական տարրական նորմերին՝ ենթակառուցվածքներ չկան, կարեւորը՝ չունեն պահանջարկ: Կան հազարավոր ընտանիքներ, որոնք կարիքավոր են, մյուս կողմից էլ՝ կան շատ դատարկ բնակարաններ: Մեր երկարաժամկետ ռազմավարության դեպքում այսօրվա ոչ գնողունակները կդառնան գնողունակ, ոչ թե 1 քմ-ն 1500 դոլարանոց բնակարան, այլ մենք հնարավորություն ենք ընձեռելու 2-3 անգամ ցածր գներով»: Ըստ պարոն Նռանյանի՝ սոցիալական բնակարանի շինարարության համար պետությունը մոտ 40% ներդրում պետք է կատարի, մնացած մասն էլ ինքը՝ գնորդը, գուցեեւ ներգրավվեն տնտեսվարող սուբյեկտ, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլն: Սակայն սա դեռ վերջը չէ. ՀՅԴ-ն քաղաքացիներին հնարավորություն է տալու նույնիսկ վարձակալությամբ օգտվել այդ սոցիալական բնակարաններից: Մեկ այլ ուշագրավ բան էլ է մտածել ՀՅԴ-ն սոցիալական բնակարաններ ստեղծելու համար: Այն քաղաքացիները, ովքեր ունեն բնակարանի կարիք, ունեն ասենք՝ հողատարածք, ՀՅԴ-ի՝ իշխանության գալու դեպքում պետությունը կտրամադրի շինանյութ եւ այլ միջոցներ, ու քաղաքացին իր սրտով կկառուցի իր սեփական տունը, որտեղ պարտավոր է բնակվել առնվազն 10 տարի: Իսկ եթե քաղաքացին հողատարածք չունենա, բայց քար, բետոն, ցեմենտ, փայտ եւ այլ շինանյութեր ունենա կամ հնարավորություն ունենա դրանք ձեռք բերելու, ապա դաշնակցական իշխանությունը նրանց անվճար հողատարածք կտրամադրի, բայց ոչ թե քաղաքացու նախընտրած վայրում, այլ նման դեպքերի համար կառավարությունը հատուկ տարածքներ է առանձնացնելու:

Մեր այն հարցին, թե նման ռիսկային ծրագիր իրականացնելու ֆինանսներ որտեղի՞ց են գտնելու, պարոն Նռանյանն ասաց. «Ծրագիրը բոլորովին ռիսկային չէ. հաշվի է առնվում ոչ թե միայն լավատեսական բյուջետային մուտքերը, այլեւ ընդամենը ներկա հնարավորությունները»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Մնացած կուսակցությունների սոցիալ-տնտեսական նախընտրական խոստումներին «Առավոտը» կանդրադառնա առաջիկա համարներում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30