Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հարցապնդմանը ընթացք կտան

Ապրիլ 12,2012 13:26

Պատգամավորը դիմել է իրավապահներին՝ հայտնաբերելու համար այն մեքենայի վարորդին, որն իրեն Գորիսում հետեւել է:

«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 30-ին հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե Սյունիքի մարզում կուսակցության նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ կուսակցության Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել: Ըստ այդմ, Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել, «ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը»: Կուսակցությունում ենթադրել էին, որ դրա պատճառը իշխանությունների կողմից ճնշում-միջամտությունն է, ուստի՝ պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զանգահարել էր Սյունիքի մարզպետ, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Սուրեն Խաչատրյանին, որը պատգամավորին պարզաբանումներ տալու փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ էր թույլ տվել:

Կուսակցությունը բացի նրանից, որ խստորեն դատապարտել էր Սյունիքի մարզպետի պահվածքը, նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն էր հրավիրել վերը նշված փաստի վրա՝ պահանջելով ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ:

Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզում նախընտրական շտաբ բացելու հետ կապված խոչընդոտներին եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին՝ ասաց, թե կուսակցությունն անուշադրության չի մատնել այդ արտառոց դեպքը, ինչի առիթով կուսակցության կողմից արված հայտարարությանը արձագանքել են նաեւ միջազգային կազմակերպությունները, եւ օրեր առաջ ինքն ու Զարուհի Փոստանջյանը եղել են Գորիսում: «Մենք գնացինք՝ վերաբացելու մեր գրասենյակը: Պարզվեց, որ այդ ամենի նախաձեռնողը եղել էին ուժային կառույցները, եւ մարզպետը այս հարցում որեւէ մասնակցություն չի ունեցել: Զարուհին արդեն համապատասխան հարցապնդում է կատարել ԱԱԾ-ին եւ ՀՀ ոստիկանապետին՝ նշելով համապատասխան փաստերը, եւ առաջիկայում, կարծում եմ, մենք կունենանք դրա պատասխանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Մեր ճշտող հարցին, թե՝ ուժային կառույցներ արտահայտությունը ընդհանրական է, եւ արդյոք «Ժառանգությունը» գոնե մոտավոր պատկերացում ունի՞, թե խոչընդոտների հարուցման աղբյուրը ԱԱԾ-ն, թե՞ ոստիկանությունն է եղել՝ Հակոբյանը ենթադրաբար ասաց՝ թերեւս, ԱԱԾ-ն:

Իսկ ապրիլի 6-ով թվագրված  ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու նաեւ ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղղված պատգամավորական հարցապնդման մեջ Զարուհի Փոստանջյանը մասնավորապես գրել էր. «Սույն թվականի մարտի 29-ին գտնվել եմ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի եւ Ագարակ քաղաքներում: Ամբողջ ուղեւորության ընթացքում ինձ հետեւել է «Մերսեդես» մակնիշի 27 ՕՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ պարզել, թե ով էր վերոնշյալ ավտոմեքենայի վարորդը եւ ինչ նպատակ էր հետապնդում՝ հետեւելով ինձ»:

Ռուբեն Հակոբյանի ասելով՝ ինքն ու Զարուհի Փոստանջյանը Գորիսում հանդիպել էին նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որը հավաստիացրել էր, թե ինքն ընդհանրապես կապ չունի այդ միջադեպի հետ, ու նաեւ խոստացել էր իր ուշադրության կենտրոնում պահել այս հարցի հետաքննության ընթացքը։ Ի դեպ, այն տարածքը, որտեղ «Ժառանգությունը» մտադիր էր ու, այնուամենայնիվ, բացել էր իր նախընտրական շտաբը, պատկանում է ֆիզիկական անձի: «Մենք վերաբացեցինք մեր նախընտրական շտաբը հենց նույն հասցեում, ինչը մեզ համար սկզբունքային էր: Այդ շտաբ այցելեցինք հենց մարզպետարանի ներկայացուցչի հետ եւ շտաբը վերաբացեցինք նրա ներկայությամբ»,- պատմեց պարոն Հակոբյանը՝ ի հավելումն մեր հարցի ասելով, թե այս խնդիրն իր շարունակությունը կունենա, եւ դրա մասին ընթացքում կտեղեկացվեն նաեւ լրատվամիջոցները:

Տարածքի սեփականատերը, իհարկե, այդ օրն էլ որեւէ կերպ չէր բացատրել, թե ինչով էր պայմանավորված եղել իր մտադրությունների փոփոխականությունը: «Պատճառները չէր ասում, բայց մեզ համար հասկանալի էր, որովհետեւ երբ մարզպետարանի ներկայացուցչի ներկայությամբ մենք այդ ամենն արեցինք, նա հասկացավ, որ վտանգ չկա, եւ իշխանությունը՝ ի դեմս մարզպետարանի, նաեւ որոշակի պատասխանատվություն է կրում դրա համար»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը։

Aravot.am-ը երեկ ՀՀ ոստիկանությունից փորձեց ճշտել, թե արդյոք նամակը քննարկվել ու դրան պատասխան տրվե՞լ է, թե՞ ոչ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե նամակը ստացվել է, եւ դրան համապատասխան ընթացք կտրվի:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30