Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ներկայացրել է իրեն պատկանող շենք-շինությունների մասին հաշվետվություններ: Անշարժ գույքի մեջ տեղ են գտել նրա տները, գարեջրի գործարանները, «Պոլոզ Մուկուչ» գինետունը, Ազատանի վարչական սահմաններում գտնվող 2,336 հա հողամասն ու նույն գյուղում գտնվող անասնաշենքը՝ 3224,28 քառ. մետր տարածքով: Փաստաթղթից նաեւ տեղեկանում ենք, որ պարոն Բալասանյանը հայտարարագիրը ներկայացնելու պահին 7 միլիոն 500 հազար դրամ եւ 22 հազար ԱՄՆ դոլար ունի: ԲՀԿ-ականի մրցակիցը այդ ընտրատարածքում նրա ընկերն է՝ Հայկ Սուլթանյանը, ով, ըստ հայտարարագրի, աշխատում է Բալասանյանների ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ում՝ որպես լաբորատորիայի վարիչ: Վերջինս Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասում բնակարան ունի եւ միակ եկամուտը գարեջրի գործարանից ստացած տարեկան 1 միլիոն 380 հազար դրամն է: Հիշեցնենք, որ ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների՝ նա իր թեկնածությունն առաջադրել է Բալասանյանի խնդրանքով, ով նպատակ ունի եվրոպացիների աչքը խաբել, թե ինքը իրոք մրցապայքարի մեջ է:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ