Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկել մեխանիզմներ

Ապրիլ 12,2012 13:18

Ցանկացած քաղաքական ուժ, որը Հայաստանում ընտրարշավ է սկսում, կանգնում է որոշակի երկընտրանքների առաջ, օրինակ՝ ի՞նչն է ավելի կարեւոր՝ ծրագրեր ներկայացնե՞լը, թե՞ շոու սարքելը: Ո՞ր լեզվով է պետք շփվել ընտրողի հետ՝ չոր ակադեմիակա՞ն, թե՞ կանաչի ծախող լաչառ կնոջ: Արդյոք պետք է ընտրողին բացատրել, թե որքան լավն ես դո՞ւ, թե՞ որքան վատն է քո մրցակիցը: Դա իսկապես լուրջ երկընտրանք է, որովհետեւ ակադեմիական լեզվով ծրագիր ներկայացնելը ձանձրալի է եւ անհետաքրքիր, իսկ բազարի լեզվով մրցակցին «ուշունց տալը»՝ ճիշտ հակառակը: Ի վերջո, կարելի է, իհարկե, այդ երկու մոտեցումները զուգակցել: Հարցը, հետեւաբար, դրանց չափի մեջ է:

Կա նաեւ մեկ այլ խնդիր. մոտավորապես 1992 թվականից, այսինքն՝ արդեն քսան տարի, ընդդիմությունը Հայաստանում իշխանության հասցեին կիրառում է միեւնույն որակումերը՝ «հանցավոր ռեժիմ», «թալանչիներ», «մաֆիոզիներ» եւ այլն: Թե որքանով են նման որակումները համապատասխանում իրականությանը այս կամ այն իշխանության դեպքում՝ առանձին թեմա է, բայց երկու հանգամանքի վրա արժե ուշադրություն դարձնել. 1) կրկնությունը կարող է հոգնեցնել, 2) այնուամենայնիվ, քսան տարվա ընթացքում հասարակությունը որոշակի քաղաքացիական զարգացում է ապրել, եւ հատկապես նրա երիտասարդ մասին ավելի շատ տեղեկատվություն է մատչելի, քան իննսունական թվականներին:

Այդ առումով, թերեւս, արժե, որ ընդդիմությունը, քննադատությանը զուգահեռ, բացատրի ընտրողներին, թե ինչ առավելություններ ունի ինքը՝ իշխանական կոալիցիայի հետ համեմատած: Դրանք կարող են լինել սեփական ցուցակում ընդգրկված բոլոր մարդկանց բյուրեղյա բարոյական եւ պրոֆեսիոնալ հատկանիշները, կառավարման հաջող փորձը եւ, ի վերջո, դարձյալ առաջարկվող ծրագրերը: Չգիտեմ, դա գուցե իսկապես այնքան էլ հետաքրքիր չէ սոցիալական հոգսերի տակ կքած շարքային ընտրողի համար, բայց գուցե կարելի է գտնել տնտեսական-քաղաքական, կրթական-մշակութային բարդագույն խնդիրների լուծման դեղատոմսերը ժողովրդին հասկանալի լեզվով բացատրելու ձեւը:

Ընտրողին նման տեսքով ներկայանալու եղանակ է ընտրել, մասնավորապես, Դաշնակցությունը: Ոչ այդ կուսակցությունն է ինձ դուր գալիս, ոչ էլ նրա ծրագրերը, բայց հարգանքի է արժանի ընտրարշավի նկատմամբ նրա մոտեցումը: Թող որ դա թվա չափից դուրս ավանդական եւ հնաոճ եւ չունենա քաղտեխնոլոգիական փայլատակումներ, փոխարենը՝ այդ կուսակցության առաջարկները մեր հասարակության մտածող մասի մոտ միտք են շարժում: Նույնիսկ չհամաձայնվելով՝ ես մտածում եմ, որ մեր առջեւ ծառացած ծանրագույն խնդիրները կարող են լուծվել ոչ թե «հանցագործ-հրեշտակ» համադրության մեջ, այլ՝ այս կամ այն մեխանիզմը առաջարկելով:

Ընդհանրապես, շատ ցանկալի կլիներ, որ ընտրարշավին մասնակցող բոլոր ինը ուժերը գնային հե՛նց այդ ճանապարհով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30