Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» քարոզարշավը՝ հայ-ղազախական խորհրդաժողովում

Ապրիլ 12,2012 13:14

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ քարոզարշավի առաջին կանգառը Ծաղկաձոր քաղաքն էր։ Այստեղ, սակայն, ծաղկաձորցիների հետ հանդիպման ծրագիր չկար։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե քարոզարշավի մասնակիցները մի կես ժամով կմասնակցեն միջազգային մի խորհրդաժողովի։ Խորհրդաժողովը տեղի էր ունենում «Ռոյալ Ռոսիա» հյուրանոցային համալիրում։ Հյուրանոց տանող կարճ ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանին ընդառաջ եկավ մի տարեց ծաղկաձորցի ու սկսեց դժգոհել. «Երկիրն անցերպրծել ա, այ ցավդ տանեմ։ Չեմ հավատում ոչ մեկին, վեց տարի շինարար եմ սենց կռուգո~մ խաբել են, բացի կոմունիստները»։ Հետո ցույց տվեց մի կառույց ու ասաց. «Աբլիցովկան արեր եմ, 400 դոլար ասեց՝ չտվեց։ Մեր քահանան, մեր կաթողիկոսը, եկեղեցին տենո՞ւմ եք, աշխատեր եմ 200  դոլարս պահեց՝ չտվեց»։ «Ապագան նրա համար է, որ մենք մեր անցյալն ուղղենք։ Եթե այս անգամ փորձեն մեզ խաբել, չեն հաջողելու»,- փորձեց հուսադրել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Բայց տարեց տղամարդը չէր համոզվում՝ «լսի ասեմ» ասելով  պատմեց իր բանկում եղած ու կորցրած ավանդի մասին, հետո էլ ակնարկեց, թե աչքերի հետ կապված խնդիր ունի, բայց վիրահատության փող չունի։ Հովհաննիսյանը քաղաքավարությամբ ու նրբանկատորեն անտեսեց այս ակնարկը ու հաջողություն մաղթելով՝ առաջ անցավ։
Իսկ «Ռոսիա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քարոզարշավի եկածները, այդ թվում՝ լրագրողներն ու օպերատորները, ուղղակի ներխուժեցին մի սրահ, որտեղ տեղի էր ունենում հայ-ղազախական տնտեսական խորհրդաժողով։ Դրա մասնակիցները, որոնց թվում էին, ի դեպ, Կարինե Դանիելյանը, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ու մանավանդ ղազախ հյուրերը պլշած ուզում էին հասկանալ, թե այս ովքե՞ր են, որ այսպես հախուռն մուտք գործեցին սրահ ու ընդմիջեցին իրենց լուրջ խորհրդակցությունը ու դեռ քարոզչական բուկլետներ են բաժանում՝ ակամա հիշեցնելով հայտնի ֆիլմում հնչող այս արտահայտությունը՝ кто этот пострадавший, откуда он взялся…
Րաֆֆի Հովհաննիսյանն այդ խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեց, ասաց, թե առաջիկայում համապետական ընտրություններ են եւ անկախ հավաքվածների կուսակցական պատկանելությունից՝ արդար ու ազատ ընտրությունների անցկացումն անհրաժեշտ ու կարեւոր է, որովհետեւ դա իր բարերար ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա, ազատ եւ մրցակցային տնտեսության ձեւավորման համատեքստում։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30