Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետ. «Նախկին մարզպետը հաղթելու շանս չունի»

Ապրիլ 12,2012 12:45

Սերժ Սարգսյանի ջուր լցնելուն ծափ է տալիս Արմավիրի մարզպետը

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հերքում է, որ մարզում հանրապետականացման զանգվածային գործընթաց է սկսվել: Նա հերքեց Aravot.am-ի տեղեկությունը, որ ուսուցչական եւ մանկապարտեզի կոլեկտիվներին վերջին շրջանում անդամագրում են ՀՀԿ-ին. «Որեւէ մեկի նկատմամբ պարտադիր մոտեցում չկա ընդհանրապես, որովհետեւ մարդուն եթե պարտադրես, դրանից հետո հետեւանքներն ի՞նչ են լինելու»,- ասաց մարզպետը:

Հակադարձելով մեր դիտարկմանը, որ այդպիսով կուսակցության համար ձայներ ապահովելու հետագա հնարավորություն է ստեղծվում, ասաց. «Ես ոչ մի դեպքում համաձայն չեմ, որ դրանով կարելի է: Ընդհակառակը, դրանով կարող ես կուսակցության նկատմամբ մոտեցումները լրիվ այլ հարթակ տեղափոխել: Ընդհանրապես կուսակցական դառնում են նրանք, ովքեր իրենց մեջ համոզմունք ունեն, ովքեր ընդունում են կանոնադրությունը, ովքեր տվյալ կուսակցության բռնած քաղաքականությանը համակիր են դառնում, իրենց մտքերն ու կուսակցության գաղափարները համակրում են իրար»:

Հետաքրքրվեցինք, որպես ՀՀԿ-ական մարզպետն իրեն այնպիսին՝ ինչպես ինքը նկարագրեց, համարո՞ւմ է. «Այո, իհարկե: Եթե ես ինձ այդպիսին չհամարեի, ես 17-18 տարի կուսակցության անդամ չէի լինի»:

Արմավիր մարզի թիվ 21 ընտրատարածքում, որը ներառում է մարզկենտրոն Արմավիրը եւ հարակից բնակավայրերը, մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով միմյանց դեմ կպայքարեն Արմավիրի նախկին մարզպետ, ՀՀՇ վարչության անդամ Սեդրակ Հովհաննիսյանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ): Հայ ազգային կոնգրեսից բազմիցս հայտարարություններ հնչեցին, որ մարզերում իրենց մեծամասնական թեկնածուների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ են գործադրվում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Aravot.am-ի դիտարկմանը հակադարձեց, որ նման բան չկա. «Կհարցնեք նույն նախկին մարզպետին: Որեւէ ճնշում իշխանության կողմից եղե՞լ է, թեկուզ մի մազաչափ»:

Գործող մարզպետից նաեւ հետաքրքրվեցինք՝ իր գնահատականներով նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանն ընտրվելու ի՞նչ շանսեր ունի: «Գիտեք, ես ուղղակի այն կարծիքին եմ, որ նախկին մարզպետը հաղթելու շանս չունի,- ասաց Աշոտ Ղահրամանյանը պարզաբանելով.- Որովհետեւ մեր թեկնածուն ավելի ուժեղ է»: Նման եզրահանգման Արմավիրի մարզպետը եկել է՝ ելնելով «նրա կատարած աշխատանքներից»: Aravot.am-ի հարցին էլ, թե իր կարծիքով նախկին մարզպետը լավ չի՞ աշխատել, Աշոտ Ղահրամանյանը պատասխանեց. «Ոչ թե ես ասում եմ, նախկին մարզպետը լավ չի աշխատել, այլ մեր կողմից առաջադրված թեկնածուն լուրջ աշխատանքներ է կատարել վերջին տարիներին, կանգնած է եղել գյուղացու կողքին եւ նրա արտադրած բերքն ամբողջությամբ ընդունել է: Ես համոզված եմ, որ մարդիկ նաեւ այդ աշխատանքներն են գնահատում»:

Նկատեցինք, որ մինչեւ առաջադրումները ՀՀԿ-ն ինքն էր խոսում մականունավորներին եւ գործարարներին ԱԺ չթողնելու մասին, մինչդեռ առաջադրումներից պարզ դարձավ, որ այդպիսիք հենց ՀՀԿ-ի ցուցակներում են, մասնավորաբար, թիվ 18-ում ՀՀԿ-ն առաջադրել է Առաքել Մովսիսյանին (Շմայս), թիվ 21 ընտրատարածքում Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ): Աշոտ Ղահրամանյանը հակադարձեց. «Ի՞նչ, եթե ասում են ՄԱՊի Ալիկէդ գործարանն ինչ վերականգնել է, աշխատատեղեր է ստեղծել, մեր գյուղացու, մեր ֆերմերի արտադրանքն ամբողջությամբ ընդունել է: Դա վա՞տ բան է: Ազգանվեր գործ չի՞: Կամ եթե ՄԱՊի Ալիկ ա, դա մականունավո՞ր է, ի՞նչ է մարդը հանցագործությո՞ւն է արել: Չեմ կիսում էդ կարծիքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30