«Ա1+»-ի լրագրողը այսօր կայացած ասուլիսում Ռուբեն Հայրապետյանին տեղեկացրեց, որ Ավանի մանկապարտեզներից մեկի տնօրենն իրեն անձամբ հայտնել է, որ «Հարսնաքարում» Ռուբեն Հայրապետյանը հավաքել է Նորքի զանգվածների դպրոցների տնօրեններին եւ պատվիրել ընտրել Սամվել Ֆարմանյանին: «Դուք էլ եք ստախոս, ձեզ ասողներն էլ, որեւէ մանկապարտեզի տնօրեն չի կարող ասել, որ նույնիսկ ինձ բարեւել են, հնարավոր չէ տենց բան, դուք սուտ եք ասում, տենց բան չի եղել, ձեզ համար ստելը, այո, հեշտ է, մանավանդ մի շրջանակ կա, որ առանց որեւէ խնդրի ստում է»,- լրագրողին ստախոսության մեջ մեղադրեց ՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանը, թեեւ հավելեց, որ Սամվել Ֆարմանյանն իր կուսակիցն է, եւ ինքը իր ծանոթներին կարող է հորդորել` ձայն տալ նրան:
Սակայն, այ, օրինակ, Տիգրան Արզաքանցյանի համար նա որեւէ մեկին ոչինչ չի հորդորի, քանի որ «չի ճանաչում» եւ «տեղը չի բերում», թե ո՞վ է դա: Փոխարեն «շատ լավ ճանաչում է» եւ կարող է երաշխավորել, ասենք, Մանվել Բադեյանի համար: Դե, իսկ Սամվել Ալեքսանյանն իր լավ ընկերն է, որի հաշվեհամարին ինքը նույնիսկ 50 հազար դրամի փոխանցում է արել` «դրանից ավելի չունեի»: Բայց Սամվել Ալեքսանյանը փոխադարձ ներդրմամբ հանդես չի եկել: Դրանից Ռուբեն Հայրապետյանը չի նեղացել.«Ինքը բազմազավակ հայր է, չպիտի շատ ծախսի»:
Չնայած Սամվել Ալեքսանյանը Ռ.Հայրապետյանի ընկերն է, սակայն պարոն Հայրապետյանն ասում է, որ կդադարեր հարգել Ս.Ալեքսանյանին, եթե վերջինս ընդուներ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Ն.Փաշինյանի` բանավեճի հրավերը, քանի որ «չպիտի Ալեքսանյանը գնա հավասարվի Նիկոլի հետ, ինքը հազարավոր աշխատողներ ունի, թող դրանցից մեկի հետ բանավիճի Նիկոլը: Լեզվի արագություն ունենալը, արագ-արագ մարդկանց վիրավորելը կամ մականունները հնչեցնելը, չի նշանակում որ խելոք է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ