Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է արվում ստեղծել բլոկ կամ կոալիցիա` ընդդեմ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի

Ապրիլ 12,2012 12:20

Այս օրերին քննարկվող հիմնական հարցերից մեկն ընտրությունների վերահսկման Հանրային միասնական շտաբի ստեղծումն է: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն անցած շաբաթ ինչ-որ փաստաթուղթ են ստորագրել, որը մեկ շաբաթ շարունակ ներկայացվում էր որպես Հայաստանի քաղաքական դաշտի համար աննախադեպ ձեռքբերում: Երեկ «Ժառանգությունն» ինչ-որ պայմաններ է առաջադրել այդ շտաբի աշխատանքներին միանալու համար, այլ կերպ ասած` ակնարկել է, որ կարող է չմիանալ: Թե ինչ պայմաններ` ըստ էության, կարեւոր չեն: Խնդիրը տվյալ դեպքում ոչ այդ շտաբի ստեղծումը կամ չստեղծումն է, ոչ էլ, առավել եւս` «Ժառանգության» դիրքորոշումը: Խնդիրն այդ գործընթացի «քաղաքական բովանդակությունն է», որը հասարակությանը փորձ է արվում ներկայացնել որպես ձեռքբերում: Ինչ է իրականում տեղի ունենում` ստեղծվում է կամ փորձ է արվում ստեղծել բլոկ կամ կոալիցիա` ընդդեմ իշխանության ՀՀԿ-ական թեւի կամ Սերժ Սարգսյանի: Ընդ որում, ակնհայտ է, որ դա ամենեւին նախընտրական կամ «ընտրությունների վերահսկողության» միավորում չէ, եւ այն կարող է ունենալ (կամ արդեն իսկ ունի) բավական հեռուն գնացող նպատակներ: Ակնհայտ է նաեւ, որ այս գործընթացին նման նշանակություն է հաղորդում ԲՀԿ-ն, որը` լինելով կոալիցիայի անդամ, փաստացիորեն ՀՀԿ-ից ոչ պակաս չափով ներգրավված լինելով ընտրակեղծարարության գործընթացում, միաժամանակ ընդգրկվում է (ավելի ճիշտ` մյուսներին ընդգրկել է) մի նախաձեռնության մեջ, որն իրականում հարթակ է ծառայելու ոչ թե ընտրություններից առաջ, այլ հետո: Պատկերացրեք այսպիսի վիճակ. մայիսի 7-ին այս Հանրային շտաբը հայտարարում է, որ ընտրություններն անցել են «խայտառակ կեղծիքներով» եւ չեն կարող լեգիտիմ ճանաչվել: Հայտարարում են ու ժողովրդին կոչ անում հավաքվել, ասենք, անժամկետ հանրահավաքի կամ նստացույցի: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս գործընթացում չլիներ ԲՀԿ-ն: Սակայն իրավիճակի նրբությունն էլ հենց այն է, որ մայիսի 7-ի հայտարարությունը կախված է ոչ թե, ասենք, ՀԱԿ-ից, այլ հենց ԲՀԿ-ից: Ավելի պարզ ասած, եթե ԲՀԿ-ն բավարարվի ընտրությունների արդյունքներով, Հանրային շտաբը կհայտարարի, որ ընտրություններն ընդհանուր առմամբ նորմալ են անցել, հակառակ դեպքում` կարող է զանգվածային միջոցառումներ կազմակերպել, որոնցում, սակայն, արդեն գլխավոր դերակատարը լինելու է ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ ԲՀԿ-ն, իմա` Ռոբերտ Քոչարյանը: Ում հետ համագործակցությունն, ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանը չէր բացառել դեռեւս 2008թ. մարտի 1-ի հայտնի ասուլիսում: Այսինքն` գիտակցված թե ոչ, այս նախաձեռնությանը միացողները ճանապարհ են հարթում Ռ. Քոչարյանի վերադարձի համար: Ի դեպ, դա եւս նորմալ է, սակայն այդ ուժերը պարտավոր են ազնիվ լինել հասարակության, ընտրողների առջեւ: Դա վերաբերում է այդ նախաձեռնությանը մասնակցող բոլոր ուժերին, այդ թվում` հրաժարվել պատրաստվող կամ չպատրաստվող «Ժառանգությանը», որի ներկայացուցիչն ընդամենը մեկ շաբաթ առաջ ստորագրում էր այդ շտաբի ստեղծման մասին փաստաթուղթը կամ «նախափաստաթուղթը»:

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30