Լրահոս
Օրվա լրահոսը

Ասա ով է երգիչդ, ասեմ ով ես դու

Ապրիլ 12,2012 11:41

Անցած տարիներին նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի երգիչների ու արվեստի ոլորտի այլ գործիչների շրջանում նկատվել են ինչպես կայուն նախապատվություններ, այնպես էլ պարզապես սեփական աշխատանքը կատարելու ցանկություն։ Այսպես. Ռուբեն Հախվերդյանը տարիներ շարունակ հանդես էր գալիս Դաշնակցության միջոցառումների ժամանակ, իսկ այսօր պարզապես «աշխատում» է «Ժառանգության» քարոզարշավի շրջանակներում։
Եվ եթե 4 տարի առաջ «Ժառանգության» տեսահոլովակը սփյուռքահայ հայտնի երգիչ Արտո Թունջբոյաջյանի «Մերի սիրուն Արարատ»-ն էր, այժմ այն թեեւ երեւանյան երանգավորում է ձեռք բերել շնորհիվ Ռ.Հախվերդյանի, բայց, այնուամենայնիվ, առկա է որոշակի ներքին խզում։ Քանզի Արտոն Րաֆֆիին շատ ավելի էր «սազում», քան «կռված տղաների» մասին իր փայլուն երգով մեկ այլ կուսակցության խորհրդանիշը դարձած Ռ.Հախվերդյանը։
Երգիչների մի ստվար բազմություն էլ ավանդաբար մասնակցում է Հայաստանի իշխանամետ ուժերի հանրահավաքներին ու հանդիպումներին՝ նույնպես հիմնականում կատարելով հայրենասիրական երգեր։ Դրանց թիվը սովորաբար մեծ է լինում մանավանդ Հանրապետական կուսակցության քարոզչական միջոցառումների ժամանակ։ Նույն կուսակցության նախընտրական ձեռնարկներին բնորոշ է նաեւ ընտրական պաստառների առատությունը, ինչպես նաեւ միջոցառումների վայրերի համապատասխանեցումը պատմության ու մշակույթի հուշարձաններին։
Իսկ ահա, «Բարգավաճ Հայաստանը», որը սեփական քարոզարշավը սկսեց Առինջի եկեղեցում կատարված աղոթքից, գտել է իր ձեռնարկների լրջությունը երբեմն նաեւ անեկդոտներով «համեմելու» ինքնատիպ եղանակը։ Արվեստագետների մի խումբ, հանձինս հումորի ժանրի ներկայացուցիչների, ուղեկցում է «Բարգավաճի» քարոզիչներին եւ ելույթներով աշխուժություն ստեղծում։
Նման քարոզարշավի գրավչությունը առաջին հերթին այն է, որ միջոցառման երկրորդ՝ գեղարվեստական մասում հասարակությանը չեն «ծանրաբեռնում» երգ-երաժշտության պաթոսով, այլ պարզապես լիցքաթափում են նրան։
Անշուշտ, ընտրապայքարին մասնակցող ուժերից ոչ բոլորն են իրենց նման շքեղություն թույլ տալիս. հաճախ ուղղակի բավարարվում են հանրահավաքներից առաջ միացվող երաժշտությամբ ու երգերով։ Դա նախատեսված է որոշակի զգացմունքային տրամադրություններ ստեղծելու եւ սեփական խոսքի բովանդակային կողմը ընկալելի դարձնելու համար։ Նույն համատեքստում միանգամայն հասկանալի է որեւէ կուսակցության գաղափարախոսությունն արտացոլող երգերի կատարումը հանրահավաքների ընդմիջումներին։
Այսպես. քանի որ Ներսիկ Իսպիրյանի երգերը հստակորեն արտացոլում են ՀՅԴ գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, ապա այստեղ կա ձեւի ու բովանդակության որոշակի համապատասխանություն։
Նույնը մեկ այլ՝ խորհրդային անցյալի վերհուշի համատեքստում լայնորեն կիրառվում է Կոմկուսի միջոցառումների ժամանակ։ Հատկանշական է, որ այս առումով կոմունիստները պատրաստ են անգամ շրջանցել սահմանադրությամբ ամրագրված ՀՀ օրհներգը եւ կատարել Խորհրդային Հայաստանի հիմնը։
Հարց է առաջանում. ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների համար լուրջ ծախսերի, իսկ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար եկամուտի լրացուցիչ աղբյուր հանդիսացող կուսակցական նպատակների այս գեղարվեստական-թատերականացված մատուցումները որքանո՞վ են համապատասխանում Հայաստանի ներկա պայմաններին ու կարիքներին։
Արդյոք սրանով մենք մեխանիկորեն չե՞նք պատճենում այլ երկրներին բնորոշ ճոխ ընտրարշավների փորձը, որոնց ընթացքում շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում զանազան շոուների կազմակերպման համար։ Վերջապես ի՞նչ պետք է անել այս ամենը հայաստանյան քաղաքական մշակույթի ձեւավորմանը ծառայեցնելու, նրա հարազատ մասը դարձնելու համար։
Նախեւառաջ հարկավոր է հաշվի առնել, որ քաղաքական միջոցառման ձեւը չպետք է գերակայի նրա բովանդակությանը։ Ընդհակառակը, որքան ձեւը, կերպարը համեստ, ճաշակով ու չափավոր լինի, այնքան կարող է նպաստել տվյալ կուսակցության իմիջին։
Երկրորդ՝ ձեւը պետք է չհակասի որեւէ կուսակցության արժեհամակարգին, երբ, օրինակ, ՀՀՇ-ածին «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կնքած «Ժառանգության» առաջնորդը Ռ.Հախվերդյանի երգի ուղեկցությամբ իր հայացքը երանությամբ ուղղում է Արարատին, որի «վերադարձի գաղափարախոսությունը» խորթ է ներկայումս «Ժառանգության» ցանկով հանդես եկողների ուղիղ կեսին։
Երրորդ՝ իշխանամետ կուսակցությունների միջոցառումներին տեղական պաշտոնեության ուղղակի ու անուղղակի մասնակցության «պաստառա-գեղարվեստական գերճոխությունը», ինչպես ցույց է տալիս նախորդ ընտրությունների, մանավանդ 1996-ի նախագահական ընտրարշավի փորձը, հաճախ ունենում է հակառակ, հստակորեն բացասական ազդեցություն շարքային ընտրողի վրա։ Այս առումով մտովի ստեղծվում է հակադրություն ճոխության ու թշվառության աշխարհների միջեւ։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30