Ինչպես տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանի Արմավիրի մարզ կատարելիք այցի առիթով երեկ դասերից ազատվել են Էջմիածին քաղաքի դպրոցների աշակերտները։ Չեն գործել նաեւ մանկապարտեզները, որոնց աշխատակիցներին հրահանգված է եղել ներկայանալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Էջմիածնի կենտրոնական հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Հատկապես ավագ դպրոցներում, որտեղ աշակերտներն ավելի հասուն են՝ տարիքը հաշվի առնելով, երեկ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. շատ աշակերտներ ընդդիմացել են դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ահաբեկումներին եւ հրաժարվել՝ քշվել հրապարակ։ Մենք զրուցել ենք Էջմիածնի Նարեկացու անվան ավագ դպրոցի աշակերտներից մեկի հետ, որի անունը հասկանալի պատճաոով չենք հրապարակում.
– X, ինչո՞ւ են այսօր ձեզ դուրս հանել դպրոցից, դուռը փակել։
– Ասում են՝ դպրոցը փակվում է, էսօր երեք ժամ ենք անում։
Կարդացեք նաև
– Իսկ ո՞ւր էին տանում ձեզ։
– Դե, հանրահավաք էր լինելու Էջմիածնի գլխավոր հրապարակում, մասնակցում էին գեներալ Մանվելը, Սեդրակ Սարոյանը, որ պիտի դիմավորեին Սերժ Սարգսյանին։ Մենք էլ՝ որպես աշակերտ գլխաքանակ
էինք ապահովելու, դրոշ էինք ծածանելու, ուրիշ ոչ մի բան։
– Ի՞նչ էին ձեզ ասում ձեր ուսուցիչները, տնօրենը։
– Տնօրենը կանգնեց ասեց՝ ով հանրահավաքի չեկավ, ինքը 7 ժամն էլ բացակա է ստանալու։ Անձամբ ես ընդդիմացել եմ դրան, ասել եմ՝ մատյանը բերեք, տեսնեմ՝ դուք ո՞նց եք բացական դնելու էն դեպքում, երբ որ ես դասին նստած եմ։ Բայց ինձ ոչ ոք չլսեց։ Իմ ընկերների հետ ինձ դուրս արեցին, դպրոցի դուռը կողպեցին եւ գնացին իրենց միտինգին։ Բայց մենք մինչեւ վերջին պահն էլ չենք մասնակցել էդ միտինգին։
– Քանի՞ հոգի բոյկոտեցին հանրահավաքը ձեր դպրոցից։
– Դե, 10 հոգի երեւի կամ ավելի շատ, չգիտեմ, իմ ընկերներից շատերը չգնացին։ Ես ուղղակի տնօրենին ասացի՝ դուք մեր գլխին չոբան չեք, մենք էլ ձեր ոչխարները չենք։ Էս ամեն ինչը լսելուց հետո՝ 10 հոգի երեւի քիչ եմ ասում, շատերը ոգեւորվեցին իմ ասածից ու իմ կողքը կանգնեցին։ Բայց պիտի ասեմ նաեւ, որ շատերն էլ, ճիշտ է, գնացել են միտինգին, բայց կեսից փախել են։ Ու միայն մեր դպրոցը չէր այդ վիճակում. մանկապարտեզները եւս ազատված էին դասերից, ուսուցիչները անհատական պարապմունք էլ չեն արել, գնացել են Արմավիր՝ մասնակցել են այնտեղի հանրահավաքին։ Ինձ
իմ ընկերները տեղեկացրին նաեւ, որ ավելի ուժեղ ահաբեկումներ են եղել թիվ 5 ռուսական դպրոցում։
– X, ի՞նչ եք կարծում, մյուս աշակերտները գո՞հ էին, որ գնում էին հանրահավաքի, թե դժգոհ։
– Դժգոհը էդ խոսքը չի։ Դե, դասատուները ասում էին՝ եթե իմ հետեւից մի հոգի չգա, ինձանից չնեղանաք։ Շատերը վախի զգացում ունենալով գնացել են, բայց շատ շատերը հանրահավաքը դեռ չմեկնարկած՝ փախել են։
– Վաղը դպրոց գնալո՞ւ եք։
– Այո, գնալու եմ։ Տեսնենք՝ ինչ պատիժ է սպասվում։
«Հայկական ժամանակ»