«Ժառանգություն» կուսակցությունն այսօր մեկնարկեց իր քարզարշավը։ Նախընտրական առաջին հանդիպումները տեղի կունենան Կոտայքի մարզում։ Կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբից առավոտյան երկու ավտոբուսներ ուղղություն վերցրին դեպի Ծաղկաձոր։
Ավտոբուսները շարժվելուց քիչ անց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց քարոզարշավի մասնակիցներին եւ այն լուսաբանող լրագրողներին՝ ասաց, թե այս ընթացքում իրենք բաց են քարոզարշավի հետ կապված առաջարկությունների, բայցեւ հնարավոր քննադատությունների եւ դիտողությունների համար. «Ուրախ եմ ձեր ներկայության համար, մենք ուզում ենք շարունակել մեր հրապարակային գործունեությունը եւ դուք մեզ հաշվետու կպահեք այդ առաքելության մեջ»։
Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ առաջին մարզային քարոզարշավին «Ժառանգությանն» ուղեկցողներին՝ նախընտրական համամասնական ցուցակի թեկնածուներին՝ Զարուհի Փոստանջյան, Ալեքսանդր Արզումանյան, Արաքս Պողոսյան, Թեւան Պողոսյան, նաեւ կուսակցության կամավորներին։
«Ինչպես ասվել է մեր նախնական քարոզչական տեսահոլովակում, մենք գալիս ենք տարբեր կենսագրություններով, բայց գնում ենք միեւնույն՝ նոր Հայաստան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու բարի երթ մաղթեց քարոզարշավի մասնակիցներին, նաեւ հաջողություն մաղթեց «Ժառանգության» բոլոր մրցակիցներին՝ ցանկանալով, որ պատմության ընթացքում եւ ազատ ընտրությունների բերմամբ յուրաքանչյուրն իր տեղը գտնի ապագա խորհրդարանում։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ