ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում ընդունել է թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Տիգրան Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումը:
Հիշեցնենք, որ անկուսակցական Տիգրան Պետրոսյանը Սեւան քաղաքի բնակիչ է, թիվ 23 ընտրատարածքում գրանցվել էր ինքնաառաջադրման կարգով, նա նաեւ «Րանգոշին» ՍՊԸ տնօրենն է:
Կարդացեք նաև
Օրեր առաջ ինքնաբացարկով հրաժարվել է շարունակել ընտրապայքարը թիվ 22 ընտարածքում առաջադրված, ՀՀԿ անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի խորհրդական Վահագն Հակոբյանը:
Ինչպես տեղեկացրին հանձնաժողովներից, ՀՀ ԱԺ պատգամավորի համար առաջադրված 15 թեկնածուներից (յուրաքանչյուրում առաջադրվել էր հնգական թեկնածու), գրանցվել են 13-ը, մեկն էլ երեկ ինքնաբացարկ է արել:
ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատի համար Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում քվեարկվելու են ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մանվել Բադեյանը, Գանձակի գյուղապետ, ՀԿԿ անդամ, ՀԿԿ-ի կողմից առաջադրված Վանիկ Հարությունյանը, Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ, ՀՅԴ անդամ, ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արտաշես Նիկոյանը եւ ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր եւ Գավառի նախկին քաղաքապետ Գրիշա Հովեյանը:
Թիվ 23 ընտրատարածքում գրանցվել են ԲՀԿ անդամ, ԲՀԿ-ի կողմից առաջադրված, Սեւան քաղաքի բնակիչ, Սեւանի ապակեմեկուսիչների գործարանի տնօրեն Էդուարդ Սահակյանը, Օեկ անդամ, ՕԵԿ-ի կողմից առաջադրված, Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, «Եվրոպա» ՍՊԸ տնօրենի տեղակալ Կարեն Բոթոյանը, անկուսակցական, Վարդենիս քաղաքի բնակիչ, ինքնաառաջադրված, անկուսակցական, անհատ ձեռներեց Սմբատ Սիմոնյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ, անկուսակցական, ինքնաառաջադրված «Էժ-Բոթերպոլ» ՍՊԸ տնօրեն Վարդան Ջհանգիրյանը:
Թիվ 24 ընտրատարածքում գրանցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանը, անկուսակցականներ, ինքնաառաջադրված եւ ոչ մի տեղ չաշխատող, մայրաքաղաքում բնակվող Խորեն Սարգսյանը, Մարտունի քաղաքում բնակվող Սպարտակ Ջիվանյանը եւ Աստղաձոր գյուղում բնակվող Ռոման Խաչատրյանը: Եթե վերջինս աշխատանքային կենսագրություն գրեթե չունի, այլ ընդամենը Աստղաձորի գործող գյուղապետի որդին է, ապա մյուս երկուսը շատ կողմերով ծանոթ են հանրությանը: Խորեն Սարգսյանը` Թռչունիչը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր է, ՀԿԿ նախկին անդամ, Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ: Սպարտակ Ջիվանյանը պաշտոններ է զբաղեցրել ՀԿԿ Մարտունու շրջկոմում, վարել Մարտունու «Ագրոսերվիս» շրջանային միավորման պետի պաշտոնը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ