Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն չի պատրաստվում լքել կուսակցությունը

Ապրիլ 11,2012 22:21

Ապրիլի 10-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննելով  մասնավորապես «Ժառանգության» համամասնական ցուցակով որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Երվանդ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի ինքնաբացարկ ներկայացնելու  դիմումները, վերջիններիս գրանցումը չեղյալ էր հայտարարել: Հիշեցնենք, որ այս երկու թեկնածուներն էլ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ համամասնական ցուցակում տեղ էին զբաղեցրել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ եւ Երվանդ Զուրաբյանը գտնվում էր 51-րդ, իսկ Դավիթ Առաքելյանը՝ 71-րդ հորիզոնականներում:

Aravot.am-ի հետ զրույցում ինքնաբացարկ հայտնած Դավիթ Առաքելյանը ձեռնպահ մնաց մեկաբանություններից եւ մեր հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեց հիմա ինքնաբացարկ հայտնել  ու արդյոք դա կապվա՞ծ է «Ժառանգության» համամասնական ցուցակով ընտրություններին մասնակցության շուրջ «Ազատ դեմոկրատներում» առկա որոշակի տարակարծությունների հետ՝ պատասխանեց. «Առանց մեկնաբանությունների, խնդրում եմ»: Այդուհանդերձ, նա հստակ պատասխանեց մեր մեկ այլ հարցին՝ արդյոք ինքը դո՞ւրս է եկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից կամ նման մտադրություն ունի՞: «Ոչ, դուրս չեմ եկել, առայժմ չեմ էլ պատրաստվում: Չեմ կարծում, որ այդպիսի օր կարող է լինել»,- հայտարարեց Դավիթ Առաքելյանը:

«Ազատ դեմոկրատների» նախագահ եւ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, թե որեւէ մեկնաբանություն չի ուզում անել, բայցեւ հավելեց. «Դավիթ Առաքելյանն իմ լավ ընկերն է ու շարունակում է այդպիսին մնալ: Ամեն մարդ ինքն է որոշում իր պայքարի ձեւը։ Մենք բոլորս, այդ թվում՝ Դավիթ Առաքելյանը, միշտ պայքարել ենք այն բանի համար, որ ցանկացած մարդ հնարավորություն ունենա որոշում կայացնելու եւ իր՝ մյուսներից  տարբերվող կարծիքը հայտնելու: Կարծում եմ, այստեղ որեւէ  խնդիր չկա, եւ նրա որոշումը նորմալ եմ համարում: Եթե նա որոշում է, որ պայքարի այդ ձեւը հարմար չէ, կամ պայքարի այլ մեթոդներ է ընտրում՝ դա շատ նորմալ է ու բարոյական»:

Ինչ վերաբերում է ինքնաբացարկ հայտնած Երվանդ Զուրաբյանին, ապա Քոքոբելյանը մեզ հետ զրույցում ասաց, թե նա այդ պահին էլ  նախընտրական շտաբում է ու շարունակում է իր ակտիվ մասնակցությունը բերել նախընտրական արշավին:

Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանն ու Երվանզ Զուրաբյանն այն գործիչներն են, որոնք 2010թ.-ին ՀՀՇ վարչությունն ու կուսակցության շարքերը լքեցին՝ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ միասին:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30