Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվեց «Նոր և այլընտրանքային ԶԼՄ-ների էթիկական և իրավական խնդիրները» թեմայով միջազգային միջբուհական գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» 2011-2012թթ համատեղ ծրագրի շրջանակներում:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Արման Դարբինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության, գործառնությունների բաժնի ղեկավար Ժան-Կրիստոֆ Գայրան:
ԵՊՀ դասախոս և Մեդիամաքս լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը խոսելով գիտաժողովի նշանակության մասին ասաց.
«Նոր մեդիան մեզ համար չուսումնասիրված ասպարեզ է, և խաղի կանոնները դաշտում բացակայում են, ուստի հիմնական նպատակը գիտական ու մասնագիտական մակարդակում ասպարեզում առկա մարտահրավերները քննարկելն է»:
Զեկուցումների թեմաներն ինքնին խոսուն են: Զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ եւ ԵՊԼՀ դասախոսներ, փորձագետներ, ասպարեզի մասնագետներ: Առանձնացնելով մի քանիսը` նշեմ որոշ թեմաներ. Գերմանացի իրավաբան Նիլս Լեոպոլդը` «Անձնական տեղեկությունների պաշտպանությունը համացանցում. Գերմանիայի փորձը» , Տեղեկատվական անվտանգության փորձագետ և ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը` «Տեղեկատվության հավաստիությունն ու ճշգրտությունն համացանցում» ԵՊԼՀ դասախոս և Սուրեն Դեհերյանը «Մարդու անձնական կյանքի պաշտպանության խնդիրը համացանցի հայկական հատվածում» այն եզրափակեց ԵՊՀ դասախոս Դավիթ Ալավերդյանը` «Մեկնաբանությունների տիրույթը նոր մեդիաներում.ո՞վ է պատասխանատու» զեկուցումով:
Գիտաժողովին ներկա էին հայաստանյան բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ, լրագրողներ, փորձագետներ:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Նարինե Դանեղյանը խոսելով իր տպավորությունների մասին ասաց. «Շատ հետաքրքիր գիտաժողով էր, և ամենակարևորը` շատ արդիական: Չէ՞ որ այսօր բոլորս ենք մեր օրը սկսում, շարունակում և ավարտում սոցցանցերում, հետևաբար կա անհրաժեշտություն, հատկապես լրագրողների համար` ոլորտին ծանոթանալու մոտիկից»:
Ավելացնեմ, որ ինչպես հայտնեց Դավիթ Ալավերդյանը`այս գիտաժողովի և ԵՊՀ-ում մարտին կազմակերպված «Նոր և այլընտրանքային մեդիա. էթիկական և իրավական խնդիրներ» թեմայով դասընթացի նյութերի հիման վրա կտպագրվի ձեռնարկ և կբաժանվի ժուռնալիստիկաների ֆակուլտետներին:
«Այդպիսով կփորձենք հասնել նրան, որ գոնե ապագա լրագրողները կիմանան նրբությունները»,- նշեց Դավիթ Ալավերդյանը:
Տաթև Կարակաշյան