Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասպարեզ ակումբը չի կարող առավոտ տղա լինել, ցերեկը` հղի կնիկ, իսկ իրիկունը` ազապ աղջիկ»

Ապրիլ 11,2012 22:01

Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի ժամ առաջ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները  կրքոտ ելույթ էին ունենում Վարդանանց հրապարակում` բացառելով ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Գյումրիում: Նրանք ամենավերջին անհարգալից արտահայտություններն էին հնչեցնում կազմակերպչի` Գեորգի Վանյանի և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հասցեին, ով համաձայնել է   իր ակումբը տրամադրել կինոցուցադրման համար:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Առավոտի» հետ զրույցում  իր կողմից տարածք տրամադրելն այսպես պարզաբանեց . «Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն հ/կ-ի նախագահ  Գեորգի Վանյանը  մոտավորապես մեկ ամիս առաջ ինձ դիմել էր խնդրանքով` տարածք տրամադրել վրացական ու ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար: Բանավոր, ոտքի վրա խոսակցություն է եղել, ես ասել եմ` մեր տարածքը բաց է ցանկացած մարդու, կազմակերպության առաջ, ով հետաքրքված է, կարող է գալ , իր ասելիքն ասել, և վերջ. մեր պայմանավորվածությունն ավարտվել է»: Ըստ նրա` երկու շաբաթ առաջ ակումբում ցուցադրվել են  վրացական երկու ֆիլմեր` «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ», մյուսը` «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ -2», առաջինը ինքը դիտել է, երկրորդի սյուժեին  ժամանակ չունենալու պատճառով չի ծանոթացել:

Լևոն Բարսեղյանի ներկայացմամբ, կազմակերպիչը  ադրբեջանական ֆիլմերի հետ կապված  նախապես հայտնել է, որ 4 կարճամետրաժ ֆիլմեր են, ընդհանուր տևողությունը 1 ժամ 15 րոպե, երեքը գեղարվեստական են , մյուսը` վավերագրական: Կազմակերպիչը նաև նախազգուշացրել է, որ  Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ որևէ կապ չունեն:

Լևոն Բարսեղյանի պատմելով` որոշ ճշգրտումներ կատարելու նպատակով երեկ առավոտյան  իրեն զանգահարել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Արտաշես Կարապետյանը: Նա պաշտոնյային ամեն ինչ մանրամասն պատմել  է, որից հետո վերջինս շնորհակալություն հայտնելով կախել է հեռախոսը: «Կես ժամ հետո նորից զանգեց, արդեն երևի ինստրուկտաժ ստացած, ասեց` չի՞  եղնի օր ցուցադրումը չեղնի Լևոն ջան, ասի չէ` պիտի լինի, որովհետև երբ որ դու եկար «Ասպարեզ» ակումբ` Մինաս Ավետիսյանի նկարների հետ կապված  ասուլիս տալու, քեզ ոչ մեկը չհարցրեց ի՞նչ պիտի ասես `լա՞վ բան, թե՞ վատ բան: Մեր ակումբը 12-13 տարի ազատ է ցանկացած մեկի համար `գողեր, բոզեր, իշխանություններ, ընդդիմություն, ազատամարտիկ, ազատամարտիկի ընտանիքի մարդ, անօթևան, չգիտեմ իմպորտնի, տեղական, բոլոր մարդիկ էստեղ ասուլիս են տվել, մեր հիմնարար սկզբունքն  է, որից նահանջել չենք կարող: Մշակույթի բաժնի պետը սկսեց ինչ-որ բաներ բացատրել, թե լավ չի լինի, կարող է ձեր համար վատ լինի: Ես բացատրեցի, որ մենք պատրաստ ենք դիմագրավել, մանավանդ սովոր ենք. ավտո՞ պիտի պաժառ տան` տվել են, էլի թող տան, շե՞նք պիտի  պաժառ տան, փորձեն թող տան: Երկրորդ զանգի ընթացքում մոտ 20 րոպե փորձում էր բացատրել , որ ճիշտը դա չէ, ես բացատրեցի, որ «Ասպարեզը» չի կարող առավոտ տղա լինի, ցերեկը հղի կնիկ, իրիկունը` ազապ աղջիկ: Բոլորին էլ  խորհուրդ եմ տվել դիմել կազմակերպչին, ով որ նախաձեռնել է , անունը դրել է փառատոն, ով որ մերժվել է Երևանում, Վանաձորում դահլիճներ ստանալ: Էդ տրամաբանությամբ նույնն է, որ իրենք փորձեն Գեորգի Վանյանին Գյումրի բերող տաքսու շոֆերին ասել ` մի բեր, ռեստորանում ասեն` հաց մի տուր, հյուրանոցում ասեն` տեղ մի տուր և այլն, և այլն:Այսինքն լոգիկայից փախած է, իրանք թիրախը սխալ են ընտրել և չեմ կարծում, թե իրենք  պատահական են սխալ ընտրել,  դիտավորյալ են ընտրել»:

Լևոն Բարսեղյանը զառանցանք է որակում միտինգի ժամանակ իր հասցեին հնչեցրած թուրք, դավաճան և այլ արտահայտությունները: «Եթե ես պատգամավորության թեկնածու լինեի, կհասկանայի այդ զառանցանքները, ես գիտեմ, որ «Ասպարեզը» բազմաթիվ թշնամիներ ունի, ես էլ ունեմ թշնամացած մարդիկ, բայց որ էդքան կիջնեին, մտքովս չէր անցնում: Էս ամբողջ պատմության մեջ պակասում է իմ թեկնածու լինելը, կարո՞ղ է թեկնածու եմ, խաբար չեմ», – ծիծաղեց պարոն Բարսեղյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30