Երկարատև հիվանդությունից հետո, ապրիլի 9-ին Չիկագոյում 91 տարեկանում մահացել է ծագումով հայ, հայտնի ամերիկացի երգչուհի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի երբեմնի աստղ Լիլի Չուգասզյանը: Նա երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում եւ նշանավոր նվագախմբերի հետ: Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի: 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը: Լիլի Չուգասզյանը 1960-80-ական թթ. երգել է մասնավորապես Մետրոպոլիտեն օպերայում եւ Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում: 1967թ. սեպտեմբերին երգչուհին հանդես է եկել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում` կատարելով Փառանձեմի դերերգը` Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում: