Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյանի կինը անձամբ է խնդրել ԵՊԲՀ ռեկտորին՝ ընդգրկվել ՀՀԿ ցանկում. Դերենիկ Դումանյանի պարզաբանումը

Ապրիլ 11,2012 21:05

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր,բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ԱԺ առաջիկա ընտրությունների ՀՀԿ համամասնական ցուցակի 21-րդ տեղում գտնվող Դերենիկ Դումանյանը Տիգրան Խզմալյանի՝ Tert.am-ին այսօր տված հարցազրույցի վերաբերյալ պարզաբանում է տրամադրել, ըստ որի՝ Տիգրան Խզմալյանի կինը նրան անձամբ է խնդրել ՀՀԿ ցանկում ընդգրկվելու համար։ Ավելին, երեկ` ապրիլի 10-ին, Տիգրան Խզմալյանն իսկապես այցելել է ինձ և ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքն իր կնոջը համաձայնություն տալուց առաջ չի պատկերացրել, թե դա որքանո՞վ կարող է ազդել իր, այսպես կոչված, «իմիջի» վրա։ Նա ինձնից թույլտվություն էր խնդրում, որպեսզի կինը դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ցուցակից դուրս գալու համար։

Ներկայացնում ենք Դերենիկ Դումանյանի պարզաբանումը ստորև.

Այս օրերին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ինչ-որ հարցազրույցներ տալով ցանկանում է ապացուցել, որ ինքն ու իր կինը ոչնչից տեղյակ չեն եղել, և կինը փաստաթղթեր է ստորագրել թյուրիմացաբար ու հայտնվել ՀՀԿ համամասնական ցուցակում։
Նախ խնդրին մոտենանք պարզ տրամաբանությամբ։ Հանրապետական կուսակցության ինչի՞ն էր պետք համամասնական իր ցուցակում ընդգրկել Երևանի բժշկական համալսարանի հենց այդ ամբիոնի վարիչին։ Համալսարան, որի 108 ամբիոնների վարիչների կեսից ավելին կանայք են, իսկ դրա կեսից ավելին էլ` դոկտոր-պրոֆեսորներ, ովքեր միգուցե առավել հստակ քաղաքական ու քաղաքացիական հայացքներ ունեն և ավելի վաստակաշատ գիտնականներ են։ Բայց, թողնենք դա, և ներկայացնեմ իսկությունը։

Այս հարցում ես հանդես եմ եկել սոսկ խորհրդատուի կարգավիճակում։ Երբ Նարինե Միրզոյանը ցանկություն հայտնեց ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում և խնդրեց ինձ օգնել իրեն` հարցրեց, թե, արդյո՞ք, կարող է խոչընդոտ հանդիսանալ այն հանգամանքը, որ ինքը Տիգրան Խզմալյանի կինն է (ես հենց այդ ժամանակ իմացա այդ մասին), նրան պատասխանեցի, որ դա որևէ նշանակություն չունի և խորհուրդ տվեցի նախ խորհրդակցել ամուսնու հետ` ընտանեկան ապագա վեճերից խուսափելու համար։ Նարինե Միրզոյանը հավատացրեց, որ ամուսինը որևէ խնդիր չի տեսնում և տվել է իր համաձայնությունը։

Դրանից հետո Նարինե Միրզոյանն, ինչպես կարգն է, այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, լրացրել համապատասխան փաստաթղթերը` խնդրելով իրեն ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում և ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը (տեղեկանք մշտական բնակության մասին, հայտարարագիր եկամուտների մասին և այլն)։

Երեկ` ապրիլի 10-ին, Տիգրան Խզմալյանն իսկապես այցելել է ինձ և ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքն իր կնոջը համաձայնություն տալուց առաջ չի պատկերացրել, թե դա որքանո՞վ կարող է ազդել իր, այսպես կոչված, «իմիջի» վրա։ Նա ինձնից թույլտվություն էր խնդրում, որպեսզի կինը դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ցուցակից դուրս գալու համար։

Ես նրան պատասխանել եմ, որ ինչպես ցուցակում ընդգրկվելու հարցում եք երկուսով որոշում կայացրել, այնպես էլ հետագա ձեր քայլերը միասին որոշեք։
Սա է այն ամենն, ինչ իրականում տեղի է ունեցել։
Այս ամենը, կարծում եմ, կհաստատի նաև ինքը` Նարինե Միրզոյանը։


Tert.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել