Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները խոստանում են Գեորգի Վանյանին «Վանյանօղլի» հռչակել ու ջարդել նրա գլուխը

Ապրիլ 11,2012 19:14

Գյումրեցի պաշտոնյաներն իրենց հայրենասիրությունը եւ թասիբը ցուցադրելու առիթ են գտել:

 

Գյումրիի քաղաքապետը «հերոսի» դերի մեջ է:

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում ամենավերջին բառերը հնչեցին Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հասցեին, ով համաձայնել է կինոցուցադրման համար տրամադրել իր ակումբը:

Չնայած հրապարակի միտինգավորները մեծամասամբ դպրոցահասակ երեխաներ էին, սակայն սա ամենևին չխանգարեց  քաղաքապետարանի պաշտոնյաներին իրենց ելույթներում  մերկացնել «ազգի դավաճաններին», ու իրենց ձևակերպմամբ մի լավ թքել նրանց երեսին:

Միտինգը բացելու պատիվը ընձեռվեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ  Արտաշես Կարապետյանին, ով ասաց. «Անհայտ ազգությամբ, անհասկանալի մի անձ, որը ցավոք երբեմն հայ ժողովրդի դարավոր կենսագրության մեջ սողոսկել է, փորձում է  Հայաստանի ամենաավանդապաշտ, ամենաբարեպաշտ, ամենահավատավոր քաղաքում կազմակերպել  ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Գյումրիում գտնվել է մի կազմակերպություն, դա ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է և նրա ղեկավարը, դժվար է  անգամ նրա անուն-ազգանունը արտաբերել հայկական ազգանունով` Լևոն Բարսեղյան, որը ընդունում է տվյալ Վանյանին: Միանշանակ ո՛չ եք ասելու այդ փառատոնը, կորչի փառատոնը, կորչի «Ասպարեզ» ակումբը, կորչեն Վանյանները, բոլորս համամի՞տ ենք»: Կանգնածները ձայնակցում էին ` ո՜չ փառատոնին:

Ելույթը ունեցողների բառապաշարը գնալով ճոխացավ` քննադատությունը վերածելով  անձնական վիրավորանքների: Հաջրոդը ելույթը ունեցավ ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը, ով կազմակերպիչներին ու տարածք տրամադրողին թուրք, դավաճան որակեց: «Մենք սահմանի վրա ենք թուրքերին ման գալիս, բայց թուրքերը  մեր մեջ ազատ ֆռռֆռում են, դրանց սպանել է հարկավոր, վառել որպես ազգի դավաճան»:

80 տարեկան մանկավարժ Շուռա Ղազարյանն էլ առաջարկեց ճառ ասելու փոխարեն զանգ կախել, 7 հոգուց կազմված շտաբ ստեղծել և  վաղվանից պարեկություն անել «Ասպարեզ» ակումբի մոտ. «Ես խորհուրդ կտամ ստուգել Լևոն Բարսեղյանի արյունը, տեսնել ինչ արյուն է հոսում, ամո՜թ քեզ Լևոն Բարսեղյան: Ես գիտեմ, որ մյուս մշակույթի օջախներում այդպիսի կեղտը, աղբը երբեք չեն ցուցադրի, իսկ եթե Լևոնը ուզում է ցուցադրել, թող ինքը ցուցադրի իր ընտանիքի համար, գարունն էլ բացվել է , ինքը թոթոլ տղա է, թող մի հատ գնա Ադրբեջան: Ոչ ասեք էդ ստորներին, ստորաքարշներին, որոնք որ ադրբեջանցուց բեթար են: Երևանը մերժում է, Կիրովականը մերժում է , բերում են էս ավանդական քաղա՞ք»: Ելույթ ունեցավ նաև Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանը, ով ասաց. «Սիրելի գյումրեցիներ, ես չեմ հավատում, որ նմանատիպ մարդիկ սերված են հայոց ազգից, ես երեկ իմ հարցազրույցի մեջ բերեցի մի օրինակ. երբ որ Էջմիածնում պատարագ էր մատուցվում, Պարսից թագավորը մտնում է Էջմիածին և ասում է` եթե որևիցէ մեկդ գայթակղվեք ու դառնաք, ես Պարսկաստանի մոգպետ կնշանակեմ: Վարդապետը գայթակղված ասում է `ես կդառնամ ձեր հավատքին, Հայոց կաթողիկոսը և հոգևորականներն ասում են` տուր  3 օր ժամանակ, մենք ասենք գայթակղության պատճառը էս վարդապետի:Եվ երբ որ պայմանավորվում են, կաթողիկոսն ասում է`  աղոթեք առ Աստված իմանանաք գայթակղության պատճառն այս վարդապետի:Երրորդ օրը 70 հոգևորական տեսնում են նույն տեսիլքը, որ գերեզմանը բացվեց, վարդապետի մայրը ելավ գերեզմանից ու ասաց, որ փախեփախի ժամանակ մի պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց, նրա հայրը պարսիկ է , թուրք է: Ով նման բան է կազմակերպում, հայի զավակ չէ, վռնդում եմ մեր քաղաքից նմանատիպ դավաճաններին»:

Զոհվածների հարազատներն էլ  անեծքներ հնչեցրեցին` գետինը մտցրեցին ու հանեցին կազմակերպիչին, թքեցին նրա երեսին: Վաղն առավոտյան միտինգավորները պիկետ կանցկացնեն Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիմաց, նրանք  խոստացան չթողնել Վանյանի ոտքը Գյումրի, ոչ միայն թքել  նրա ճակատին, այլև  գլուխը ջարդել :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30