Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նրա համար չեմ, որպեսզի մանր-մունր խոստումներ տամ»

Ապրիլ 11,2012 18:37

«Հատուկ դրա համար եմ եկել, երեխաներ, որ ձեզ խոստանամ, որ ամեն ինչ անելու ենք, որ դուք ապրեք շատ ավելի լավ երկրում», – Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում հավաքված դպրոցականներին դիմելով ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դիմելով արդեն Հայթաղի եւ հարակից գյուղերի՝ իրեն լսելու եւ տեսնելու ակնկալիքով հավաքված ավելի տարեց մարդկանց, Սերժ Սարգսյանն ասաց, որ քաղաքական ուժերը որքան քաղաքակիրթ միջավայրում կարողանան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, այնքան ժողովուրդը օգուտ կքաղի դրանից, եւ որքան շուտ հասնենք այդ մակարդակին, այնքան շուտ կունենանք ավելի բարեկեցիկ  երկիր:

Նախագահը Արարատյան դաշտավայրի բնակչությանը կոչ արեց ամուր կառչել իրենց հողից, քանի որ հիմա էլ ժողովրդագրական իմաստով Հայաստանի պատկերը մխիթարական չէ, բնակչության 1/3-ը կենտրոնացված է Երեւանում. «Եթե ինձ հարցնեն, ես հաճույքով այստեղ կապրեմ, քան թե Երեւանում: Ասածս միայն մի բան է նշանակում, որ այդ տարբերությունը պետք է վերացնենք»: Դրա համար նախագահը հայցում է հանրության օգնությունը: Նրա տպավորությամբ մեր գյուղերում հողի վրա աշխատող մարդու պակաս կա, մինչդեռ Արարատյան դաշտավայրի հողերը մեզ կերակրող հողեր են եւ դրանց վրա աշխատելով կարելի է արժանապատիվ ապրել: Իր հերթին խոստացավ, որ կառավարությունն ավելացնելու է իր պարտավորությունները եւ կատարելու է դրանք. «Ես էլ կցանկանամ, որ ոռոգման ջուրն անվճար լինի, պարարտանյութն այնքան էժան լինի, որ մարդիկ չզգան ինչպես են առնում, բայց էժան բան դժվար է գտնել, շատ դեպքերում՝ անհնարին: Ես հասկանում եմ, որ ակնկալիքները մեծ են»,- ասաց նախագահը՝ հավելելով, որ իշխանությունները շարունակելու են ջանքերն ավելացնել նաեւ գյուղի ու գյուղացու համար հարմարավետ կյանք ապահովելու համար: «Ես նրա համար չեմ, որպեսզի մանր-մունր խոստումներ տամ: Ես ձեզ խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր երկիրն ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր զարգանա: Որ այդ երկրում ընտրություններն անցկացնելուց հետո չավելանան իրար թշնամի մարդիկ, այլ պակասեն: Ցանկանում եմ, որպեսզի բոլորը հասկանան, մտածեն, որ մայիսի 6-ից հետո գալու է մայիսի 7, որ կյանքը դրանով չի ավարտվում, որ սա կյանքի ու մահու պայքար չէ, որ պետք չէ ուրիշներին սեւացնել, թերագնահատել, հանիրավի քննադատել»,- ասաց նախագահը:

Նա կոչ արեց նաեւ հավատալ ու վստահել Հրանտ Գրիգորյանին, ով այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորն է:

Ի դեպ, Հայթաղում նախագահը 15-20 րոպեանոց զրույցի բռնվեց նաեւ տեղի բնակչության հետ: Թե ինչի մասին էին խոսում հայթաղցիները նախագահի հետ՝ կներկայացնենք առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30