Լրահոս
Օրվա լրահոսը

«Փամփերսների համար» համար ստիպված ծախել է իրենց կովը

Ապրիլ 11,2012 17:51

Երեւանից 223 կմ հեռավորությամբ, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղում արդեն 8 ամիս անկողնուն գամված է 29-ամյա Օգսեն Սահակյանը: Նա չի խոսում, ոչ մեկին չի ճանաչում, արտաքին ազդակներին չի արձագանքում: Չորաթանի գյուղապետ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վարուժան Բաղմանյանի վկայությամբ, տակավին պատանի Օգսենը մասնակցել է մարտական հատուկ գործողությունների, աչքի ընկել քաջությամբ: 2009թ. Օգսենն արտագնա աշխատանքի է մեկնել Վոլգոգրադ, աշխատել մի չորաթանցու խանութում: 2011թ. փետրվարին նա եկել է Հայաստան: Վերադարձել է շատ փոխված, ունեցել երերուն քայլվածք, հիշողության կորուստներ, գլխացավ: 2011թ. փետրվարի 28-ին հետազոտվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի դիագնոստիկայի բաժանմունքում: Կոնսուլտանտ-նեյրովիրաբույժ Նիկոլայ Խաչատրյանը ոչ համոզված, սակայն կարծիք է հայտնել, որ Օգսենը ենթարկվել է հոգեմետ դեղի մեծ դոզայի ազդեցության: 2011թ. մարտ-օգոստոս ամիսներին Օգսեն Սահակյանը բուժում է ստացել Միքայելյանի անվան հիվանդանոցում: 52-ամյա Վարդան Սահակյանը պատմում է, որ 2011թ. սեպտեմբերին Բերդի պոլիկլինիկայի ուղեգրով որդուն տարել է Երեւանի «Հանրապետական հիվանդանոց»: Վարդանի խոսքերով՝ որդու «անալիզները մաքուր են եղել, չեն հասկացել, թե ինչ է կատարվել», Օգսենին 10 օրվա խմելու դեղեր են տվել : Հայրն ասում է, որ դրանից հետո տղայի վիճակն ավելի է վատթարացել, հոկտեմբերից նա դադարել է խոսել, քայլել, ինքնուրույն զուգարան գնալ: Ծնողները Օգսենին «փամփերսով են պահում»:

– Դեկտեմբերից մինչեւ հիմա զբաղվում եմ, որ տղաս անգործունակ ճանաչվի, հաշմանդամության թոշակ ստանա, ես էլ ճանաչվեմ նրա խնամակալ,- դժգոհում է Վարդան Սահակյանը:

Վերջինս որդուն անգործունակ ճանաչելու հայցով դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Դատավոր Արման Կուրեխյանը 2012թ. փետրվարի 24-ին վճռել է Օգսեն Սահակյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Այդ փորձաքննությունը պիտի կատարի ՀՀ առողջապահության նախարարության դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովը, որը գործում է Երեւանի Նորք –Մարաշի Հովսեփյան 2ա հասցեում:

– Փետրվարի 27-ին դատարանի վճիռը Իջեւանից ուղարկվել է, փետրվարի 29-ին այն Բերդ է հասել: Փորձաքննությունների հանձնաժողովում ասում են, որ այդ վճիռը իրենք մի ամիս հետո են ստացել , նամակը ո՞նց կարող էր մի ամսում Երեւան հասնել,-տարակուսում է Վարդան Սահակյանը:

Դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովը Օգսեն Սահակյանի հոգեկան վիճակի փորձաքննությունը նշանակել է մայիսի 10-ին, ժամը 11-ին: Մեր ներկայությամբ Օգսենի մայրը՝ տիկին Գոհարը զանգահարեց նշված հանձնաժողով, հարցնելով.
– Չի՞ լինի, որ փորձաքննությունն ավելի շուտ, ապրիլին անցկացվի:

– Որ ասում եմ չի լինի՝ ուրեմն չի լինի, շատ ծանրաբեռնված ենք,- պատասխանեց հանձնաժողովի հեռախոսը վերցրած կինը:

Օգսենի մայրը հարցրեց, թե ինքն ում հետ է խոսում: Կինն այդ հարցին ցինիկ պատասխան տվեց. «Իմ հետ եք խոսում»: Տիկին Գոհարը փորձեց ճշտել կնոջ աշխատանքի բնույթը, սակայն վերջինս անջատեց հեռախոսը:

Վարդան Սահակյանն ասում է, որ չկայացած փորձաքննության պատճառով որդին թոշակ, իրենք ընտանեկան նպաստ չեն ստանում: Գյուղապետ Վարուժան Բաղմանյանը, Վարդանի ընկերներն իրենց սուղ հնարավորությունների սահմաններում դրամական օգնություն են ցուցաբերել, սակայն դա բավարար չէ: Սահմանամերձ Չարաթանում մի կերպ գոյատեւող Սահակյանների ընտանիքը Օգսենի դեղերի, «փամփերսների համար» համար ստիպված ծախել է իրենց կովը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30