Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրում, կարելի է ասել, հեղափոխական նախագծեր է առաջարկում: Մասնավորապես, ՀՅԴ-ն, աշխատավարձ, սոցիալական պաշտպանություն, ժողովրդագրություն բաժնում խոստանում է 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել անհատույց բնակարան:
5 եւ ավելի երեխա ունեցողներին անհատույց ու անվճար բնակարան տրամադրելը բավականին գայթակղիչ խոստում է, սակայն, եթե հաշվի առնենք, որ ՀՀ կառավարությունը աղետի գոտու մի քանի հազար բնակիչներին եւ Ադրբեջանից եկած փախստականներին բնակարանով ապահովելու խնդիրը 20 տարի է չի լուծել` բյուջե չունենալու պատճառաբանությամբ, ապա կարելի է ասել, որ ՀՅԴ-ի խոստումն ուռճացված է:
Այսօր, ըստ քաղաքաշինության նախարարության Aravot.am-ին տրամադրած տվյալների, միայն աղետի գոտում մոտ 6,600 ընտանիքներ սպասում են, որ մի օր պետությունն իրենց բնակարան կհատկացնի: Բացի այս, մի քանի հարյուրի են հասնում նաեւ վթարային շենքերի, սողանքներից ու այլ աղետներից տուժած բնակիչների թիվը: Իսկ ՀՀ միգրացիոն ծառայությունն էլ մեզ վստահեցրեց, որ Հայաստանում մոտ 2,200 փախստականներ կան, որոնց եւս պետությունը պետք է ապահովի բնակարանով:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ՀՅԴ ներկայացուցչից հետաքրքրվեց, թե մոտ 9,000 անօթեւանների պետությունը 20 տարի չի կարողանում ապահովել բնակարաններով, իրենք ինչպե՞ս են միջոցներ գտնելու հավելյալ ծախսերի` բազմազավակներին անվճար բնակարաններ տրամադրելու համար: Մեր զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը վստահեցրեց, որ նախ` 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների թիվն այնքան էլ մեծ չի լինի, որ «տակից» չկարողանան դուրս գալ: Բացի այդ, ըստ պարոն Նռանյանի, եթե պետությունը մի քիչ ցանկություն ունենար 1, կամ էլ`«քարը տրաքի» 2 տարում աղետի գոտու բնակարանների հարցը կլուծեր. «Մի հասարակ օրինակ բերեմ` 2012 թվականի պետական բյուջեում կառավարությունն առաջարկեց մի քանի անգամ կրճատել բնակարանային շինարարության համար հատկացվող գումարները`25 միլիարդ դրամը դարձրեցին 5 միլիարդից մի քիչ ավել: Եթե գնալով պակասացնեն այդ ոլորտին հատկացվող գումարները, բնականաբար չի լուծվի հարցը: Ակնհայտ է, որ ցանկության բացակայությունը կարեւոր եւ բացասական դեր է խաղում: Եթե նայենք, թե այս տարիների ընթացքում ինչքան անիմաստ փող է թաղվել բետոնի մեջ, եւ չի ծառայում բնակչությանը, ապա կհամոզվենք, որ այդ գումարներն արդյունավետ ծախսելու դեպքում,վաղուց աղետի գոտում անօթեւան կամ բնակարանների կարիքավորներ չէին լինի: Տեսեք, թե ինչքան գումարներ են շռայլորեն ծախսվում տարբեր ուղղություններով, ցավոք սրտի, ոչ անօթեւանների խնդիրները լուծելու ուղղությամբ: Հայաստանում գումարներ կան, Հայաստանը երբեք գումարի կարիք չի ունեցել, Հայաստանը միշտ ունեցել է կոռուպցիայի պրոբլեմ, միշտ ունեցել է այդ գումարները անարդյունավետ ծախսելու խնդիր, այլ ոչ թե ի շահ բնակչության ծախսելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ՀՅԴ–ն նաեւ առաջարկում է սոցիալական բնակարանների շինարարության նախագիծ, եւ թե որքանով է այն իրատեսական, կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: